ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է Ճապոնիայի Միջազգային համագործակցության գործակալության փոխտնօրեն Կաե Յանագիսավային:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով հյուրին՝ արտգործնախարար Նալբանդյանն ասել է. «Հայաստանը կարևորում է Ճապոնիայի հետ համակողմանի փոխգործակցության զարգացումը։ 2012թ. Նախագահ Սերժ Սագսյանի պաշտոնական այցը Ճապոնիա, ձեռք բերված պայմանավորվածությունները նոր լիցք հաղորդեցին երկկողմ հարաբերություններին։

 

Այսօր գոհունակությամբ կարող ենք արձանագրել, որ քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, առևտրատնտեսական համագործակվցությունը ընդլայնվում է, հումանիտար բնագավառում կապերն ակտիվանում են։ Մենք ողջունում ենք հաջորդ տարի նախատեսված Երևանում Ճապոնիայի դեսպանության հիմնումը, ինչը վստահաբար կնպաստի երկկողմ փոխհարաբերությունների առավել ամրապնդմանը»:

 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ տիկին Կաե Յանագիսավան նշել է, որ Ճապոնիան շահագրգիռ է Հայաստանի հետ բարեկամական համագործակցության զարգացմամբ և նպատակադրված է հավելյալ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:

 

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ վերջին տարիներին հայ-ճապոնական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրել՝ արդյունավետ համագործակցություն է ընթանում բնական աղետների կանխարգելման, նաև էներգետիկայի, գյուղատնտեսության ոլորտներում։

 

Շնորհակալություն հայտնելով Ճապոնիայի կողմից Հայաստանի զարգացմանը ցուցաբերվող շարունակական աջակցության համար՝ Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Ճապոնիայի Միջազգային համագործակցության գործակալության իրականացրած ծրագրերը առանձնանում են իրենց արդյունավետությամբ ու օգտակարությամբ և գնալով նոր բնագավառներ են ներառում։

 

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել գործարար համաժողովների կազմակերպման շուրջ։