Ադրբեջանական օդուժի կողմից խոցված ուղղաթիռի մանրամասները պարզելու ուղղությամբ Հայաստանը կշարունակի ջանքերն ուղղել դիվանագիտական ճանապարհով հարցի լուծմանը: Թեպետ, ըստ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ այլ տարբերակներն էլ ուժի մեջ են, և հայկական զինված ուժերը պատրաստ են նաև այլ տարբերակների կիրառմանը, սակայն առայժմ հայկական կողմը նախընտրում է դիվանագիտական ուղին:

 

«Հայկական զինված ուժերը պատրաստ են այլ տարբերակների կիրառմանը, սակայն առայժմ մենք մեր ջանքերն ենք ուղղում, որպեսզի հարցը հարթվի դիվանագիտական ճանապարհով: Կարծում եմ՝ մեր հարևանները կհասկանան, որ միջազգային մարդասիրական նորմերի կանոնների համաձայն պետք է թույլատրվի ուղղաթիռի ընկած վայրի ուսումնասիրում և աճյունների տեղափոխում»,- նոյեմբերի 20-ին Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ կարճատև զրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ Հայաստանի կատարած դիվանագիտական աշխատանքի արդյունքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոնկրետ հայտարարություն կատարեցին, որ Ադրբեջանը թույլ տա դեպքի վայրում ուսումնասիրություն կատարել:

 

 

Տեսանյութը՝ Armlur.am-ի