Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը երկրի պատմությանն ու պատմական իրողություններին առերեսվելու ճանապարհը գտել է թանգարաններ կառուցելու միջոցով:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրք սյունակագիր Ջելալ Բաշլանգըչը մի հոդված է հրապարակել թուրքական «T 24» կայքում, որտեղ ծաղրել է պետության քաղաքականությունը երկրի պատմաության ցավոտ էջերի նկատմամբ:

 

«Այսուհետև մի անհնագստացեք լուծում պահանջող խնդիրների կամ անցյալից եկող վերքերի համար, որոնց հետ պետք է առերեսվեք: Արեք այն, ինչ անում է «Արդարություն և զարգացում» կուսակցությունը. թանգարան սարքեք, փրկվեք: Սակայն չմոռանաք նաև մուտքը դարձնել անվճար»,- նման ծաղրող տողերով է սկսում իր հոդվածը թուրք սյունակագիրը:

 

Խոսելով ալիևիների խնդրի մասին' նա հեգնական տոնով նշում է, որ կուսակցությունը, տեսնելով, որ մեկը մյուսի հետևից իրականացվող սեմինարները «չեն լուծում ալևիական հարցը», այս անգամ «դատարկ սեմինարից» ավելի ազդեցիկ ճանապարհ է գտել: Բաշլանգըչն այս առումով անդրադարձել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի այցին Նևշեհիր և հայտարարությանը, որ այսուհետ Հաջը Բեքթաշի դամբարանից մուտքը թանգարան լինելու է անվճար: «Ալևիական հարցը լուծելու վճռականություն ցուցաբերող Դավութօղլուն» հավելել էր նաև, որ «Մադըմաք» հյուրանոցը, որտեղ տարիներ առաջ միտումնավոր բռնկած հրդեհից մի քանի տասնյակ ալևի էին մահացել, իրենք կարգի են բերել և առաջիկայում էլ ցանկանում են վերածել թանգարանի:

 

Թուրք հոդվածագիրը, խոսելով իր հերթին սպասող Հայկական հարցի կարգավորման մասին, հեգնում է, որ մեկ հայի (խմբ.-խոսքը Էթյեն Մահչուփյանի մասին է) խորհրդական դարձնելով հնարավոր չէ խնդիրը հաղթահարել, հետևաբար կարգավորման սկիզբը կարող է լինել «հայկական թանգարանը»: Իբրև թանգարանի տարածք հեղինակն առաջարկում է հայերից խլված և ուրիշներին նվիրաբերած «Սանասարյան հան»-ի շենքը: «Մի անտեսիր նաև թանգարանի ներսում «Թուրք 100 մեծերը» խորագրով ցուցադրություն կազմակերպել, որտեղ կներառես նաև Թալեաթ փաշայի, Էնվեր փաշայի, Բեհաեդդին Շաքիրի նման անձանց»,- ծաղրել է Բաշլանգըչը:

 

Նա նշում է, որ իշխող կուսակցությունը գտել է լուծելու կամ առերեսվելու ցանկացած խնդրի լուծման ճանապարհը' դրա ի հայտ գալուն պես. այն զայրույթից հարցերը դնում է թանգարան: «Հին Թուրքիայում իշխանությունը խնդիրները սառնարան էր դնում, նոր Թուրքիայում «Արդարություն և զարգացում» կուսակցությունը դրանք դնում է թանգարան»,-փաստել է Բաշլանգըչը: