Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռուսական «Վեստի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հերթական անգամ աչքի ընկավ ոչ ադեկվատ և ինչ-որ չափով նաև անպատասխանատու հայտարարություններով, որոնք վկայեցին այդ պետության ղեկավարի ոչ ադեկվատության մասին: «Արմենպրես»-ն անդրադարձել է այդ հարցազրույցին' առանձնացնելով դրանցում առկա առավել հետաքրքրական հատվածները:

 

Հարցազրույցում մեծ տեղ է հատկացվում տնտեսական հարցերի քննարկմանը, անդրադարձ է կատարվում երկրի տնտեսության վիճակին: Ալիևն անհանգստություն է հայտնում նավթի համաշխարհային գնանկման առնչությամբ' կանխատեսելով դրա բացասական ազդեցությունը պետության հետագա ծրագրերի վրա: Այդ անհանգստությունը կարող է զգացնել տալ, եթե հաշվի առնենք այն, որ այս տարվա բյուջեի նախագծով նավթը գնանշվել է 90 դոլարի չափով, մինչդեռ այժմ դրա գինն ավելի քան 20 դոլարով պակասել է: Ալիևի անհանգստությունը տեղին պետք է համարել նաև Ադրբեջանում նավթի պաշարների սպառման մասին ահ ագնացող գնահատականների ֆոնին: Այդուհանդերձ, Ադրբեջանի նախագահը համոզմունք է հայտնում, որ անգամ նավթի գնի' մինչև 60 դոլար էժանացման պարագայում երկրի տնտեսությունը կկարողանա բնականոն կերպով զարգանալ: Իսկ այս լավատեսությունը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ երկրի կոռումպացված իշխանությունները մտադրվել են մեծացնել արդյունահանման ծավալները' քամելով ընդերքը:

 

 

Պատրաստեց Արաքս Կասյանը

Ալևիը հայտնում է նաև այն մասին, որ իրենք նախատեսում են կրճատել բյուջետային ծախսերը տարբեր նախագծերի, ինչպես օրինակ, ենթակառուցվածքների վրա: Այստեղ հարց է ծագում' արդյոք նախագահը չունի խորհրդականներ ու համապատասխան փորձագետներ, որոնք կհասկացնեն երկրի ղեկավարությանը, որ բյուջետային ծախսերը ենթակառուցվածների վրա կրճատելու փոխարեն կարելի է նվազեցնել ամեն տարի սպառազինության համար ծախսվող գումարի չափը:

 

Ադրբեջանի նախագահն անդրադառնում է նաև բազմամշակութայնության գաղափարին' պնդելով, որ այն հաջողությամբ գործում է երկրի ներսում և «ժողովուրդն ամեն հարցում աջակցում է պետության մոտեցումներին»: Ալիևը իր այս արտահայտությունն անելու ժամանակ երևի հաշվի չէր առել ավելի քան հարյուր ակտիվիստների և գործիչների' սեփական կարծիքն ու պետության վարած քաղաքականության նկատմամբ անհամաձայնությունն արտահայտելու համար բանտերում փակված լինելու փաստը: Ստացվում է, որ Ալիևի' «ներսում խնդիր չկա» արտահայտությունը ևս պետք է դասել նրա երևակայական մտքերի շարքին:

 

Հարցազրույցի հաջորդ հատվածում Ալիևն ակնհայտ կերպով սկսում է ցեխ շպրտել Ադբեջանի անկախացումից հետո երկրի ղեկավարության ղեկին հայտնված «Ազգային ճակատ»-ի և դրա վարած քաղաքականության վրա: Ալիևի պնդմամբ'90-ականների սկզբին պետության քաղաքականության հիմքում դրված է եղել ազգային անհանդուրժողականությունը, ճնշումները «ոչ բնիկ բնակչության նկատմամբ»: Ալիևը, թերևս կրկին կորցնելով իրականության զգացողությունը, մոռացել էր, որ տարածաշրջանի միակ ոչ բնիկ բնակչությունը հենց իրենք' ադրբեջանցիներն էին: Նա «խայտառակության տարիներ» է անվանում այդ ժամանակաշրջանը' իր հորը' Հեյդար Ալիևին ներկայացնելով իբրև իսկական փրկություն ստեղծված իրավիճակում: Մինչդեռ կրտսեր Ալիևը պետք է որ հիշեր, որ ոչ պակաս բռնություններ են տեղի ունեցել նաև իր հոր օրորք և այդ բռնաճնշումները շարունակվում են նաև իր իշխանության պայմաններում:

 

Ալիևը, բնականաբար, չէր կարող բաց թողնել հերթական հարմար հարթակը խոսելու նաև ղարաբաղյան հակամարտությունից: Ու ինչպես նախորդ դեպքերում, այս անգամ ևս Ադրբեջանի ղեկավարը սկսեց «երգել հայտնի երգերը» ՄԱԿ-ի բանաձևերի և դրանց անկատարության վերաբերյալ'մոռանալով Սոչիում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի' իրեն արված հարցադիմումը, թե ինչ է արել ադրբեջանական կողմը վերոնշյալ բանաձևերի կետերի իրականացման համար: Թերևս այս հարցի պատասխանը գտնելուց հետո Ալիևը հաջորդ անգամ շատ ավելի զգույշ կլինի ղարաբաղյան հակամարտության և դրա չկարգավորված լինելու հ արցում մեղավորներ փնտրելու ժամանակ: