Անվանի մտավորական Լավրենտի Բարսեղյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին' ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 9-ին' ժամը 14-ին՝ Կամերային երաժշտության տնից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին մտավորականի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովից:

 

Լավրենտի Աշոտի Բարսեղյանը կյանքից հեռացել է դեկտեմբերի 6-ին, կյանքի 77-րդ տարում:

 

Լավրենտի Բարսեղյանը ծնվել է 1937թ. հունվարի 7-ին, Երևան քաղաքում: 1954թ. ավարտել է Քաջարան բանավանի միջնակարգ դպրոցը, 1954-59թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում: Ուսանողական տարիներին գերազանց ուսման համար ստացել է անվանական կրթաթոշակ, գլխավորել է համալսարանի ուսանողական գիտական ընկերության խորհուրդը, ընտրվել շրջանային խորհրդի պատգամավոր:

 

Համալսարանն ավարտելուց հետո' 1959թ. ընտրվել է կոմերիտմիության Սպանդարյանի շրջանային կոմիտեի առաջին քարտուղար: 1961թ. ըստ մասնագիտության աշխատանքի է անցել Հայաստանի գիտությունների ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտում, ձեռնարկել է Նոյեմբերյանի շրջկենտրոնում հայտնաբերված մ.թ.ա. 10-9-րդ դարերի դամբարանադաշտի պեղումները, որի ընթացքում հայտնաբերվել են եզակի նյութեր: 1962թ. Գեղամա լեռներում կատարած հնագիտական հետախուզական ուսումնասիրությունների ընթացքում հայտնաբերել է եզակի պաշտամունքային նոր հուշարձաններ, որոնք գիտությանը հայտնի են «վիշապներ» անունով:

 

1963թ. գլխավորել է Մեծամորի հնագիտական արշավախմբի աշխատանքները և սկիզբ դրել հնավայրի պեղումներին: Նրա անմիջական ջանքերով և համառ պայքարից հետո, պատմաճարտարապետական հուշարձանների վերականգնման աշխատանքների պրակտիկայում պարտադիր կարգով սահմանվեց վերականգնվող հուշարձանի տարածքում հնագիտական պեղումների կազմակերպման անհրաժեշտությունը:

 

Հայագիտության մեջ զգալի ներդրում հանդիսացավ Լավրենտի Բարսեղյանի կողմից հայ ժողովրդի ծագման և կազմավորման հարցերին նվիրված պատմագիտական և աղբյուրագիտական հետազոտությունների ամփոփումը, որն իր բնույթով առայժմ եզակի է և լայն ճանաչում է գտել հայագիտության մեջ: 1964թ. պաշպանել է թեկնածուական թեզը, ստացել պատմական գիտությունների թեկնածուի աստիճան, նույն տարում ընտրվել է ժողովրդական դեպուտատների Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր և Երևանի քաղաքային խորհրդի գործկոմի քարտուղար: 1967թ. նշանակվել է հանրապետության շինարարության պետական կոմիտեի հուշարձանների պահպանության և վերականգնման վարչության պետի տեղակալի պաշտոնում:

 

Լավրենտի Բարսեղյանի անմիջական ղեկավարությամբ 1968-1972թթ. վերականգնվել է Երևանի պատմական միջուկը կազմող Էրեբունի ամրոցը, Գառնիի տաճարը և Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը Դսեղում: 1968թ. նա կազմել է Երևանի հիմնադրման պատմության՝ Էրեբունի թանգարանի առաջին գիտական ցուցադրության ծրագիրը և ստեղծել ցուցադրությունը: 1969թ. Թումանյանի շրջանի Դսեղ գյուղում ստեղծել է գյուղի կենցաղի և ժողովրդական արվեստի թանգարանը: 1973-1978թթ. Լավրենտի Բարսեղյանը գլխավորել է հանրապետության մշակույթի նախարարության կուլտուր-լուսավորական հիմնարկների վարչությունը:

 

1978թ. Սարդարապատի հուշահամալիրի և թանգարանային համակառույցի շինարարական աշխատանքներն ավարտելու և թանգարանը կազմակերպելու նպատակով նշանակվել է Հայաստանի ազգագրության պետական թանգարանի տնօրեն և որպես հիմնադիր-տնօրեն գլխավորել այն մինչև 1985 թվականը: 1984-1985թթ. համատեղության կարգով գլխավորել է նաև Հայաստանի Հանրապետության Հեղափոխության պետական թանգարանը: Նա հանդիսանում է հանրապետությունում գործող մի շարք թանգարանների կազմակերպիչը և գիտական ցուցադրությունների հեղինակը: Հանդիսանում է 1978թ. կազմված և առ այսօր անփոփոխ գործող Սարդարապատի հուշահամալիրում կազմակերպված Հայաստանի ազգագրության պետական թանգարանի գիտական ցուցադրության հեղինակը:

 

Առաջին անգամ ազգագրության թանգարանում նրա կողմից ստեղծվել է գիտական մի ցուցադրություն, որն իր մեջ ընդգրկում է հայ ժողովրդի հասարակական-տնտեսական և հոգևոր գործունեության բոլոր բնագավառներն իրենց ողջ դրսևորումներով, որը միջազգային լայն ճանաչում է ձեռք բերել: Հայաստանի ազգագրության պետական թանգարանի գիտական ցուցադրության ստեղծման համար Լավրենտի Բարսեղյանը 1981թ. արժանացել է ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի մրցանակի դափնեկրի կոչման: 1984թ. նրա գլխավորությամբ ստեղծվել են Գյումրիի քաղաքային կենցաղի և ճարտարապետության թանգարանի և նշանավոր քանդակագործ Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանի գիտական ցուցադրությունները, որոնք գեղարվեստական ու կոնստրուկտորական ձևավորման նորովի լուծումներով իրենց վրա են բևեռել մասնագետների ուշադրությունը:

 

1985թ. «Կումայրի» պատմամշակութային արգելոցի ստեղծման գիտական հիմնավորման և վերոհիշյալ երկու թանգարանների ցուցադրությունները ստեղծելու համար արժանացել է Հայաստանի պետական մրցանակի դափնեկրի կոչման: Նույն տարում հանրապետության վերադաս մարմինների որոշմամբ նշանակվել է Երևանի մարզահամերգային համալիրի տնօրեն և անմ իջապես ղեկավարել է հրդեհից հետո համալիրի վերականգնման աշխատանքները, 1986թ. նշանակվել է Հայգլխհամերգ հյուրախաղային-համերգային միավորման գլխավոր տնօրեն և Հայկական ԽՍՀ մշակույթի նախարարության կոլեգիայի անդամ, իսկ 1988թ. նշանակվել Հայկական ԽՍՀ Նախարարների խորհրդին առընթեր պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագործման գլխավոր վարչության պետ, որտեղ աշխատել է մինչև 1991 թվականը:

 

1980-1988թթ. ընթացքում նրա անմիջական մասնակցությամբ կազմակերպվեցին հայկական կիրառական արվեստի և ճարտարապետությանը նվիրված ժամանակավոր ցուցահանդեսներ ԱՄՆ-ում, Ավստրիայում, Արգենտինայում, Հունաստանում և Գերմանիայում: 1988թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժից հետո Լավրենտի Բարսեղյանը հրատարակել է հատուկ աղբյուրագիտական ուսումնասիրություն' նվիրված Հայկական լեռնաշխարհի երկրաշարժերի մասին պատմագրական վկայություններին, հնագույն ժամանակներից մինչև 19-րդ դարի սկիզբը: Նրա կողմից համահավաք ցուցակում տեղ գտան երկրաշարժերի հ արյուր հիսուն հիշատակումներ՝ իրենց թվագրումներով և տարածքներով:

 

1992-1995թթ. հանդիսացել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի ընդհանուր հարցերի գծով տեղակալը: 1995 թվականին հիմնադրել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը և որպես տնօրեն գլխավորել այն մինչև 2006 թվականը:

 

Լավրենտի Բարսեղյանը հանդիսանում է հայ ժողովրդի հնագույն շրջանի պատմության և մշակույթի խոշոր մասնագետներից մեկը, հեղինակ է տասնհինգ մենագրությունների և 90-ից ավելի գիտական հոդվածների: Հիմնականում զբաղվել է պատմամշակութային արժեքների պահպանության, հուշարձանների վերականգնման և թանգարանագիտական աշխատանքներով: 1997թ. ընտրվել է հուշարձանների և պատմական վայրերի պահպանության Միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտեի նախագահ: 1998թ. պաշտպանել է դոկտորական թեզը և հայցել պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

 

2007 թվականին Լավրենտի Բարսեղյանի նախաձեռնությամբ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետում հիմնադրվել է թանգարանագիտության և հուշարձանագիտության ամբիոնը, որն էլ գլխավորում էր մինչ այժմ:

 

Լավրենտի Բարսեղյանը պարգևատրվել է Պատվո նշան շքանշանով և արժանացել պետական բարձր պարգևների: