Այսօր կառավարությունը նախաձեռնել էր ԱԺ արտահերթ նստաշրջան՝ յոթ վարկային պայմանագիր քննարկելու, ինչպես նաև Հայաստանի օրենսդրությունը եվրասիական չափանիշների համապատասխանեցնելու գործընթացն ավարտելու նպատակով:

 

Բնական էր, որ խորհրդարանական ընդդիմությունը բարձրացնելու էր վերջին օրերի հնչեղություն ստացած բռնությունների հարցը: Այդպես էլ եղավ, ու ԱԺ չորս խմբակցությունները՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ն ու «Ժառանգությունը», պահանջեցին նախ քննարկել երկրում ստեղծված վիճակը, ապա նոր անդրադառնալ կառավարության առաջարկած օրինագծին:

 

Ցավալի է, սակայն կոմպրոմիսներ չձևավորվեցին՝ չնայած այն հանգամանքին, որ խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն՝ խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ: Կառավարությունն էր արտահերթ նստաշրջանի նախաձեռնողն, ու ֆորմալ առումով՝ հնարավոր չէր այլ հարց քննարկել, հանրապետական մեծամասնությունն էլ տապալեց երեկոյան արտահերթ նիստ հարվիրելու չորս քաղաքական ուժերի պահանջը:

 

Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նստաշրջանը բոյկոտեցին ընդդիմադիր չորս խմբակցությունների պատգամավորները, խորհրդարանական մեծամասնությունը չգրանցվեց 18:30-ին, երբ ընդդիմությունն ակնկալում էր քննարկել պատգամավոր Արամ Մանուկյանի ու ազատամարտիկների դեմ իրականացված բռնությունների հարցը:

 

Հանրապետական մեծամասնության՝ ընդդիմության նախաձեռնած նիստի տապալումն առավել քան տարօրինակ է ու ավելի է խորացնում հասարակության կասկածներն առ այն, որ բռնությունների հետևում կանգնած են իշխանությունները՝ մանավանդ որ շրջանառվում են գեներալ Լյովա Երանոսյանի, Շմայս անունով հայտնի պատգամավոր Առաքել Մովսիսյանի անունները:

 

«Այն, ինչ կատարվում է պետության ներսում, պատասխանատուն իշխանությունն է, բայց հանցագործներն ուրիշ տեղ են»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի և մի շարք ազատամարտիկների նկատմամբ բռնարարքներին:

 

Հատկապես այս հայտարարությունից հետո հանրապետականներն իրենք պետք է շահագրգիռ լինեին խորհրդարանում հարցի քննարկման համար: Ընդհանրապես, իշխանության ներկայացուցիչների, այսօր արտահերթ նստաշրջան նախաձեռնած վարչապետի ու ընդդիմության արտահերթը տապալած խորհրդարանի խոսնակի դիրքորոշումներն անհասկանալի են:

 

Նրանք պնդում են, որ բռնություններն, առաջին հերթին, իրենց դեմ են ուղղված, կուլիսներում տալիս են շահագրգիռ անուններ՝ ավելի հաճախ շրջանառելով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի շրջապատի դերակատարությունը, սակայն իրենց հրապարակային վարքագծով միակն ու միայն նպաստում են իշխանության շուրջ կասկածների խորացմանը:

 

Դա ենթադրել է տալիս, որ իշխանության ինչ-որ կենտրոնի այս վիճակը ձեռնտու է՝ մանավանդ որ ընդդիմադիր Եռյակի հարձակումների թիրախում հայտնվել է ոստիկանությունը:

 

Շատերը, ոչ առանց հիմքի, պնդում են, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը փորձում է օգտվել ստեղծված իրավիճակից ու իր խնամու կողմից ղեկավարվող ընդդիմության միջոցով հասնել ոստիկանապետի հրաժարականին, որը կառավարության ղեկավարի երազանքներից մեկն է դարձել:

 

Ներիշխանական հակասությունների խորացումը մտավախություններ է ծնում, որ երկրում հասունանում է քաղաքական ճգնաժամ:

 

 

Սուրեն Սուրենյանց