Իրանը Հայաստանի հետ սահմանին գտնվող «Արազ» ազատ տնտեսական գոտում (ԱՏԳ) նոր օդանավակայան կկառուցի: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով իրանական Mehr News լրատվական գործակալությունը, հայտարարել է «Արազ» ազատ տնտեսական գոտու տնօրեն Մոհսուն Խադեմ Արաբբաղին:

 

Նրա խոսքով' օդանավակայանը ծրագրվում է կառուցել առաջիկա երկու տարիների ընթացքում: «Արդեն ստացել ենք օդանավակայանի շինարարության արտոնագիրը, որն անհրաժեշտ է ԱՏԳ-ի ենթակառուցվածքի զարգացման համար», - ասել է նա:

 

Արաբբաղին նշել է, որ նոր օդանավակայանը կառուցվելու է 300 հա ընդհանուր մակերեսով տարածքի վրա: «Դրա շինարարության համար ֆինանսական միջոցներն արդեն հատկացվել են: Օդանավակայանը կկարողանա ընդունել մեծ քաղաքացիական եւ բեռնատար ինքնաթիռներ», -ասել է իրանցի պաշտոնյան:

 

Իրանում 9 տարի առաջ ստեղծված «Արազ» ԱՏԳ-ն զբաղեցնում է 53 հազար հա մակերեսով տարածք: ԱՏԳ-ի տարածքն իրանական Ջուլֆա քաղաքից ձգվում է դեպի Խուդաֆերին գյուղ: Ջուլֆայում ազատ տնտեսական գոտու տարածքը կազմում է 21 հազար հա: