Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի տարածքում, Հայրավանքի հարեւանությամբ, Սեւանա լճի ծանծաղուտում բնավորվել է վայրի սպիտակ կարապների երամ, որն, ի տարբերություն նախորդ տարիների, այս ձմռանը մնացել է տեղում եւ չի չվել:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի վարիչ Համբարձում Համբարձումյանը, վայրի սպիտակ կարապների առաջին խումբը Հայրավանքի մոտ, լճի ծանծաղուտում հայտնվել կամ նկատվել է տաս տարի առաջ, նոյեմբերի սկզբներին, որը, մի քանի օրվա հանգիստ առնելուց ու սնվելուց հետո, շարունակել է չուն: Պատկերն այսպես կրկնվել է նաեւ հետագա տարիներին, սակայն այս տարվա ձմռանը կարապները որոշել են հաստատվել այստեղ:

 

«Ամեն նոյեմբերին Հայրավանքի մոտ, լճի ծանծաղուտում մի քանի օրով բնավորվում էր մինչեւ տաս-տասնհինգ կարապ, որոնք հանգիստ առնելուց եւ սնվելուց հետո շարունակում էին չուն: Այս անգամ նրանք հայտնվել են ավելի մեծ քանակով, մոտ 60-70-ի չափով եւ նույն ծանծաղուտում հաստատվել արդեն երկուս ու կես ամիս:

 

Կամ առատ կերի առկայությունը կամ տաք եղանակը կարող են պատճառ լինել կարապների տեւական բնավորման համար: Մեր եւ գյուղի մարդկանց կողմից արվում է հնարավորը, որ մարդիկ չխաթարեն թռչունների անդորրը, չկրակեն դրանց ուղղությամբ: Բնության այդ հրաշքով պար զապես կարելի է միայն հիանալ»,- նշեց Համբարձում Համբարձումյանը:

 

Խոսրով Խլղաթյան