Շահումյանի շրջանում ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի անդամ, ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանի կողմից 22 տարվա ազատազրկման դատապարտված Շահբազ Գուլիեւն առայժմ չի ցանկանում բողոքարկել առաջին ատյանի դատարանի վճիռը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ադրբեջանցի դիվերսանտի փաստաբան Արկադի Իսրայելյանն ասաց, որ Գուլիեւը մինչեւ հունվարի 29-ը ժամանակ ունի որոշում կայացնելու համար, իսկ թե ինչն է պատճառը, որ մինչ այժմ բողոքարկման մասին հայց չի ներկայացրել, փաստաբանը տեղյակ չէ:

 

«Դատավճռից հետո տեսակցել եմ պաշտպանյալիս, նա հայտնել է, որ չի ցանկանում վճիռը բողոքարկել, դեռ մի քանի օր կա մինչեւ վճիռն օրինական ուժի մեջ մտնելը: Հնարավոր է՝ փոշմանի եւ բողոքարկելու ցանկություն հայտնի»,- ասաց փաստաբանը:

 

Ադրբեջանցի դիվերսանտ Դիլհամ Ասկերովը ԼՂՀ-ում դատապարտվել է ցմահ, իսկ Շահբազ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման՝ լրտեսության, առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի պետական սահմանը հատելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգելու և սպանության համար։