Հունաստանում ՀՀ դեսպանությունն Աթենքում գտնվող զինված ուժերի «Սպայի տան» հանդիսասրահում հունվարի 28-ին կազմակերպել է Հայոց բանակի օրվան նվիրված տոնական ընդունելություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը ներկա են եղել մոտ 250 հրավիրյալներ, այդ թվում' Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետի տեղակալ, ռազմածովային ուժերի փոխծովակալ Ալեքսանդրոս Թեոդոսիուն, Հունաստանի խորհրդարանի պատգամավորներ, ցամաքային, ռազմածովային ուժերի և ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբերի ղեկավար կազմի ներկայացուցիչներ, ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների ներկայացուցիչներ, հունահայ ազգային-քաղաքական և հասարակական-մշակութային կառույցների ներկայացուցիչներ, դիվանագետներ, հայկական և հունական ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

 

Հունաստանի Հետևակի բարձրագույն դպրոցի ունկնդիր հայ սպաները, Ցամաքային զորքերի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի կուրսանտները և Հայ մարմնակրթական ընդհանուր միության արի-արենույշների խմբերը ողջունել են ու զինվորական պատիվներով ընդունել հյուրերին: Միջոցառումը սկսվել է 1 րոպե լռությամբ' ի հիշատակ օրեր առաջ Իսպանիայում օդային աղետի հետևանքով զոհված զինծառայողների, այդ թվում' Հունաստանի ռազմաօդային ուժերի 2 օդաչուների:

 

Իր ելույթում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սամվել Ռամազյանն անդրադարձել է օրվա խորհրդին' ՀՀ զինված ուժերի կազմավորմանը, ինչպես նաև հայ-հունական պատմական դարավոր զինակցությանը և ներկա երկկողմ ռազմական համագործակցությանը:

 

Փոխծովակալ Թեոդոսիուն իր խոսքում շեշտել է, որ հայ-հունական ռազմական համագործակցությունն առաջընթաց է արձանագրել, և այն անպայման զարգացման ուղիով է ընթանալու' ի շահ երկու եղբայր երկրների ու ժողովուրդների: Փոխծովակալն ընդգծել է, որ պատիվ է Հունաստանում ուսումնառություն և վերապատրաստում անցնող հայ կուրսանտների ու սպաների առկայությունը:

 

Այնուհետև ՀՀ պաշտպանության նախարարության հրամանագրի համաձայն' կայացել է հայ-հունական ռազմական համագործակցության ոլորտում իրենց անձնական ավանդը ներդրած 7 բարձրաստիճան հույն սպաների, այդ թվում' միջազգային հարաբերությունների, ռազմական տեղեկատվության, հատուկ նշանակության զորքերի, ցամաքային զորքերի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի և հետևակի բարձրագույն դպրոցի պետերի, այլ ծառայությունների ղեկավարների պարգևատրումը ՀՀ զինված ուժերի գերատեսչական մեդալներով:

 

Առանձին պարգև է հանձնվել տեղում ՀՀ զինված ուժերի կուրսանտների ուսումնա ռությանն աջակցող, «Երևան» խնամակալ միության պատասխանատու Գրիգոր Կարապետյանին: Միջոցառման ընթացքում Հունաստանում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների ասոցիացիայի ավագ, Իսպանիայի ռազմական կցորդ, ռազմածովային ուժերի կապիտան Խոսե Օչոան ասոցիացիայի պատվո հուշատախտակ է հանձնել ՀՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սամվել Ռամազյանին' «ռազմական համագործակցության զարգացման մեջ ներդրած անձնական ավանդի համար»: