Գրեթե ավարտված են ոռոգման տարեշրջանի նախապատրաստական աշխատանքները Արարատի, Արմավիրի, Տավուշի, Արագածոտնի, Կոտայքի մարզերում եւ Սյունիքի հովիտներում: Միայն բարձր լեռնային շրջաններում է, որ աշխատանքները կավարտվեն մինչեւ մարտի 1-ը' ոռոգման տարեշրջանի սկիզբը: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ջրային տնտեսության ԾԻԳ-ի տնօրենի պաշտոնակատար Ֆելիքս Մելիքյանը: «Այս տարի եղանակային պայմանները բարենպաստ էին, այդ իսկ պատճառով կարողացանք նախապատրաստական աշխատանքները շուտ սկսել»,-ասաց նա' հավելելով, որ հավանաբար շուտ կսկսվեն նաեւ գարնան գյուղատնտեսական աշխատանքները:

 

Մելիքյանն ասաց նաեւ, որ ունեն խնդիրներ. օրինակ, Ախուրյանի ջրամբարում պակասում է 15 մլն խ/մ ջուր: Իսկ Ազատի ջրամբարում ջուրը վերջին երեք տարիներին չի լցվում անհրաժեշտ չափով: 70 մլն խ/մ տարողությամբ այս ջրամբարում նախորդ տարի 10-12 մլն խ/մ ջուր պակաս է հավաքվել:«Դեռեւս ժամանակ ունենք: Հալոցքներից եւ ձնհալից հետո ապրիլին կերեւա, թե ինչ վիճակ է»,-ասաց նա, ավելացնելով, որ ունեն այլընտրանքային տարբերակներ նաեւ վատագույն դեպքերի համար: Նախորդ տարի վերանորոգվել են 91 չաշխատող խորքային հորեր, այս տարի նախատեսվում է վերանորոգել եւս 21-ը: Ս րանց շնորհիվ, անհրաժեշտության դեպքում, եթե տարին լինի սակավաջուր, ապա կօգտագործեն նաեւ այս տարբերակները:

 

ՀՀ կառավարությունը փնտրում է ջրի ինքնարժեքը նվազեցնելու տարբերակներ, որն էլ հանդիսանում է ոռագման մեխանիկական տարբերակից ինքնահոսի անցումը: Այդ ծրագրով այս տարի կսկսվեն Քաղցրաշենի, Բաղրամյան-Նոյակերտի, Գեղարդալճի, Մեղրիի ոռոգման ինքնահոս համակարգերի շինարարական աշխատանքները:

 

Ոռոգման համակարգում հրատապ լուծում պահանջող, պրոֆիլակտիկ աշխատանքների իրականացման եւ ոռոգման սեզոնն արդյունավետ կազմակերպելու նպատակով, բացի օգտագործվող սեփական միջոցներից, որոնք ունեն ջրօգտագործող ընկերությունները, ՀՀ կառավարությունը եւս 1 մլրդ դրամ է հատկացել ջրամբարների, ջրանցքների, գլխամասային կառուցվածների, պոմպակայանների նորոգումների իրականացման համար:


Լիլիթ Մաճկալյան