«Չեմ կարող ոչինչ ասել ակցիայի շարունակականության մասին, որովհետև դեռ վաղ է կանխատեսել, թե դատարանն ինչ որոշում կկայացնի: Ինչևէ հուսով եմ, որ ողջախոհ կգտնվի դատավոր Ռուբեն Ափինյանը ու կկայացնի իր որոշումը բեկանող որոշում»,- այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց «Ժողովուրդ» թերթի խմբագիր Թագուհի Թովմասյանը:

Նա հույս հայտնեց, որ գույքի արգելանքի մասին որոշումը կբեկանվի, և օրաթերթի անձնակազմը կկարողանա տնօրինել իրենց գույքին: Օրաթերթի խմբագիրը շեշտեց Դատական դեպարտամենտի տարածած հայտարարության մասին, թե «Ժողովուրդ» օրաթերթը ապատեղեկատվություն է տարածել, այնինչ իրենք ընդամենը գրել են, որ «Ժողովուրդ» օրաթերթի գույքը գտնվում է կալանքի տակ:

«Ամենավատ տարբերակը, որը կարող է լինել, այն է, որ ցանկացած պահի ԴԱՀԿ ծառայությունը կարող է ներս մտնել, վերցնել մեր գույքը, տանել որևէ ապահով վայրում դնել, հետագայում՝ վաճառել այն, և վճարել Խաչիկ Խաչատրյանի արժանապատվության գինը: Այնպես որ ապատեղեկատվության խնդիր չկա: Ես խղճում եմ Դատական դեպարտամենտին ու դատական համակարգին, քանի որ նրանք ապաշնորհ են և ուզում են եղած փաստերը խեղաթյուրելու միջոցով փաստերը կոծկելու միջոցով իրականությունը շրջել դեպի իրենց կողմը», - ասաց նա:

Թագուհի Թովմասյանը նշեց, որ վստահ են իրենց մատուցած տեղեկատվության օրինականության ու հավաստիության վրա, ուստի չեն հրապարակել հերքում: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր, որ Խաչիկ Խաչատրյանը ժամկետանց ձվեր է վաճառել: Իսկ հրապարակումից երկու ամիս առաջ Սննդի անվտանգության պետական ծառայությունը հայտարարել էր, որ շուկայում կան ժամկետանց ձվեր, որն արտադրում է Երևանի Թռչնաֆաբրիկան, և պետք է դրանք անհապաղ շուկայից հանվեն:

ԳԱԼԱ-ի այն հարցին՝ կա՞ արդյոք դիտավորություն «Ժողովուրդ» օրաթերթի դեմ, Թագուհի Թովմասյանը նշեց, որ տեսնում է դիտավորություն: Դատական նիստի օրը նշանակված է մարտի 22-ին, բայց տեղի է ունեցել նախնական դատական նիստ, որից հետո անմիջապես որոշել են գույքի վրա արգելանք դնել: Գլխավոր խմբագրի խոսքով՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում որոշում է կայացվել, որ «Ժողովուրդ» օրաթերթի սանձերը ձգեն, որ քարոզչությունն էլ անվնաս անցնի:

Մելանյա Մելքումյան