Լիբիայում արեւմտյան երկրների կողմից ճանաչված Tubruk կառավարության' թուրքական ընկերություններին հասարակական նախագծերից եւ համաձայնագրերից դուրս թողնելու մասին որոշումը դժվար կացության մեջ է դրել թուրք կապալառուներին: Այդ որոշումից հետո Լիբիայում աշխատող թուրքական ընկերությունները սկսել են հեռանալ երկրից:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, Tubruk կառավարությունն այդ առնչությամբ համացանցում հայտարարել է. «Նախարարների խորհուրդը վերանայել է արտասահմանյան ընկերությունների հետ նախկինում կնքված համաձայնագրերը եւ որոշել Լիբիայում աշխատող թուրքական ընկերություններին դուրս թողնել Լիբիայում աշխատող արտասահմանյան ընկերությունների ցուցակից»:

 

 

Թուրքիայի տնտեսական կապերի խորհրդի Թուրքիա-Լիբիա աշխատանքային հանձնաժողովի նախագահ Հուսեին Էրսին Թաքլան հայտարարել է, որ Լիբիայի նոր կառավարության այդ որոշումով թուրք կապալառուները, փատորեն, դուրս են թողնվել 19 մլրդ դոլար արժողությամբ նախագծային պորտֆելից, որը ձեռք էին բերել նախկին կառավարության օրոք:

 

 

Հուսեին Էրսին Թաքլան հայտնել է, որ Լիբիայում տեղի ունեցած հեղափոխությունից հետո մինչ այժմ այդ երկրում կատարված աշխատանքների վրա 4,3 մլրդ դոլար են ծախսել, որը դեռեւս չի վճարվել:

 

 

Ներկայում Լիբիայում ոչ մի թուրքական ընկերություն չի գործում: Իսկ հեղափոխությունից առաջ Լիբիայում մոտ 200 թուրք կապալառուներ էին աշխատում: