Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում արդեն երրորդ տարին է, ինչ գործում է նույն գյուղի ձեռներեց Վանիկ Սարգսյանին պատկանող կաթի վերամշակման արտադրամասը, որտեղ այսօր աշխատանքային այցով գտնվեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ' նախարարը տեղում ծանոթացավ արտադրամասի շենքային պայմաններին, արտադրական հզորություններին, տեսականուն եւ իրացման հետ կապված խնդիրներին:

 

 

Ինչպես ներկայացրեց Վանիկ Սարգսյանը, ձեռնարկությունը մթերում եւ վերամշակում է Սեւանի տարածքի համայնքների անասնապահական տնտեսությունների արտադրած կաթը, որը ձմռան ամիսներին օրական կազմում է երկու, ամռան ամիսներին' չորս հազար լիտր: Մթերված կաթից ստացվում է պանիր, մածուն, թթվասեր, այլ մթերքներ, որոնք վաճառվում են տեղական շուկայում: Այստեղ ստեղծվել է 12 մշտական աշխատատեղ:

 

 

Ձեռնարկությունը զարգանալու եւ ընդլայնվելու խնդիր եւ ցանկություն ունի, որի համար զգում է աջակցության կարիք, ինչը եւ խոստացավ ցուցաբերել ՀՀ գյոուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը' ՀՀ գյուղնախարարության «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի» երկրորդ փուլի շրջանակներում' պայմանով, որ ձեռնարկատերը որոշակիորեն բարելավի արտադրամասի շենքային պայմանները եւ կատարի համաֆինանսավորում: «Այդ դեպքում ձեռնարկությունը ծրագրի գրասենյակի կողմից կստանա 50 հազար դոլար ա րժողությամբ կաթի վերամշակման նորագույն սարքավորումներ»,- հավաստեց Սերգո Կարապետյանը:

 

 

Խոսրով Խլղաթյան