Գեղարքունիքի մարզի Փամբակ գյուղի բնակիչ Նվեր եւ Նունե Խլոյանների ընտանիքում արդեն երկու տարի է, ինչ կենսագազ են ստանում գոմաղբից եւ այն հաջողությամբ ծառայեցնում ճաշ եփելու կարիքներին:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Փամբակ գյուղի բնակչուհի Նունե Խլոյանը, գոմաղբից կենսագազ ստանալու ծրագիրն իրականացվել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից, եւ երկու տարի շարունակ Խլոյան ընտանիքն անխափան կենսագազ է ստանում ամբարում պահեստավորված հումքից:

 

 

«Մեր գյուղը բնական գազ չունի, ուստի մենք ճաշ եփելու կարիքը հոգում ենք գազի լիցքավորված բալոններով: Ամեն ամիս, մինչ կենսագազ ունենալը, մենք կատարում էինք ամիսը մինչեւ չորս լիցքավորում՝ մեկ լիցքավորման համար վճարելով 4500 դրամ: Արդեն երկու տարի է, ինչ ազատվել ենք այդ ծախսերը կատարելու հոգսից եւ մեր արտադրած կենսագազով հոգում ենք մեր կարիքները: Ջեռուցման համար կենսագազ չենք կարող օգտագործել, քանի որ դրա համար հարկավոր են հումքի ամբարման եւ կենսագազի ստացման ավելի մեծ ծավալներ»,- նշեց Նունե Խլոյանը:

 

 

Տանտիկնոջ ներկայացմամբ՝ կառույցն իրենից ներկայացնում է 6 մետր խորությամբ եւ 5 մետր տրամագծով 3 հոր եւ 2 գազատար ամբար: Առաջին հորի մեջ ամեն օր լցվում է 50 կիլոգրամ հումք, որի կեսը գոմաղբի, կեսը՝ ջրի խառնուրդ է: Հումքը լցվում է առաջին հորի մեջ, որը թթվելուց հետո անցնում է երկրորդ, ապա՝ երրորդ հորի մեջ, որտեղից պոմպի միջոցով դուրս մղվող հեղուկը ծառայում է որպես կենսահումուս' ջերմոցների կամ բոստանների համար, իսկ անջատված գազը կուտակվում է 2 պահեստարաններում:

 

«Ծրագիրն անչափ օգտակար է, մենք գոհ ենք արդյունքից: Եթե կարողանանք ծրագրի նոր ն երդրումների շնորհիվ ընդարձակել գազի արտադրության ծավալները եւ տան համար ջեռուցում ապահովել, դա արդեն հրաշք կլինի: Ամեն ընտանիք չէ, որ կկարողանա կենսագազ ստանալ գոմաղբից, քանի որ այն պահանջում է լուրջ ուսուցում: Մեզ ուսուցանել են մանրամասնորեն, եւ մեզ մոտ ամեն ինչ լավ է ստացվել»,-ներկայացրեց Նունե Խլոյանը:

 

 

Խոսրով Խլղաթյան