ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանի հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 24-ին, ժամը 18:00-20:00, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, վերջին հրաժեշտը նրան կմատուցեն մարտի 25-ին, ժամը 12:00-14:00, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի շենքում: Հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 25-ին, ժամը 14:00-ին, Երևանի քա ղաքային պանթեոնում:

 

Կարեն Ջանիբեկյանը ծնվել է 1937 թ. հուլիսի 1-ին, Երևանում: Նրա արմատները կապված էին մայրաքաղաք Երևանին, տոհմիկ երևանցի էր՝ քաղաքաբնակի իր կենցաղով, մշակույթով, կեցվածքով ու հոգեկերտվածքով: 1966թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: 1966-67թթ. աշխատել է Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնում, 1967թ.-ից' Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Կարճ ժամանակամիջոցում նա կարողացել է իր տեղը զբաղեցնել թատրոնի շնորհալի անհատականությունների կողքին, ինքնատիպ դերակատարումներով հանդես եկել «Մայրամուտից առաջ», «Ծիրանի ծառ», «Հաջի Փայլակ» և այլ ներկայացումներում: Մի կարճ շրջան հեռանալով թատրոնից՝ Կարեն Ջանիբեկյանը մոտ երեք տասնյակ դեր է խաղացել հայկական հեռուստաթատրոնում՝ էկրան բերելով սոցիալական նոր ու ինքնատիպ հերոսի, պատկերել մեծ ողբերգությունների միջով անցած անձանց, ուրույն հոգեբանական մեկնաբանություններով ներկայացրել նրանց ճակատագրերը: 1982-ից Կարեն Ջանիբեկյանը վերադարձել է Գ. Սունդուկյանի անվան թատրոն և աշխատել մինչև իր կյանքի վերջը:

 

Թատրոնում ստեղծած նրա կերպարներն աչքի էին ընկնում ազգային նկարագրով, բնավորության բացառիկությամբ, հոգեբանական բազմաշերտ ընդգծումներով: «Մոլիերի կյանքը», «Հացավան», «Սերը ծփիների տակ» և այլ բեմադրություններում նրա ստեղծած կերպարները հարստացրել են Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի պատմությունը, երևակել Կարեն Ջանիբեկյանի դերասանական հարուստ հնարավորությունները, արտահայտչական առանձնահատկությունները:

 

1961 թվականից նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմում' «Հատուկ հանձնարարություն», «Սովի ժամանակներից», «Չախ-չախ թագավորը», «Մորգանի խնամին», «Քաոս», «Աշնան արև», «Արևիկ», «Խոշոր շահում», «Մեզանից երեքը», «Դեմքով պատին», «Արյուն», «Ընկեր Փանջունի», «Լաբիրինթոս», «Երևան ջան», «Լովեմբեր», «Արահետ», «Անառակ որդու վերադարձը» և այլն:

 

Կարեն Ջանիբեկյանը Սոս Սարգսյանի հիմնադրած «Համազգային» թատրոնի առաջին անուններից էր: Նա դերակատարումներով հանդես է եկել նաև «Մետրո» և Գյումրու Վ. Աճեմյանի անվան թատրոններում: Մասնակցել է ռադիոթատրոնի բազմաթիվ բեմադրությունների, ստեղծել մենաներկայացումներ, ինչպես նաև հիմնադրել անտրեպրիզային թատերախումբ:

 

Կարեն Ջանիբեկյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների, միութենական և հանրապետական պարգևների, ՀՀ մշակույթի նախարարության և ՀԹԳՄ Ոսկե մեդալների, ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: 2004 թ. արժանացել է ՀՀ վաստակավոր, 2010 թ.' ՀՀ ժողովրդական արտիստի կոչումներին: