Ադրբեջանի երեք քաղաքացի մարտի 26-ի կեսօրին Կիեւի կենտրոնում, «Բեսարաբսկ» շուկայի մոտակայքում գնդակահարել են «Ֆելինի» ռեստորանից դուրս եկած Ուկրաինայի արդարադատության նախարարության բարձրաստիճան պաշտոնյային: Վերջինս ազդրի մասում վերքով տեղափոխվել է հիվանդանոց;

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները: Մահափորձի ենթարկված բարձրաստիճան պաշտոնյայի անունը չի հրապարակվում:

 

Մահափորձից հետո հանցագործները փորձել են թաքնվել երկու ավտոմեքենաներով: Ոստիկանությունը հետապնդել է նրանց: Մոտենալու պահին հանցագործները կրակ են բացել, ինչի հետեւանքով ոստիկանական ավտոմեքենայի վարորդը եւ մեկ ոստիկան վիրավորվել են: Իրավապահներին հաջողվել է ձերբակալել նրանց: Հանցագործների ավտոմեքենաների զննության ժամանակ հայտնաբերվել են 4 ատրճանակ եւ մեկ ինքնաձիգ: Կիեւի ոստիկանապետ Ալեքսանդր Տերեշյուկը ԶԼՄ-ներին հաստատել է, որ երեք հանցագործն էլ Ադրբեջանի քաղաքացիներ են: