Ավարտվել է Երևանի կենտրոնը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանին միացնող ճանապարհահատվածի երկայնքով մոտ 500 էներգաարդյունավետ լուսադիոդային լուսատուների տեղադրումը: Այս մասին մարտի 27-ին «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի շրջանակներում իրականացված պիլոտային ծրագրի ավարտի ազդարարմանը հայտնեց ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:

 

 

Նոր համակարգի ներդրումը ապահովում է էլեկտրաէներգիայի մոտ 63% խնայողություն, ինչը տարեկան կտրվածքով թույլ կտա խնայելու մոտ 45 հազար ԱՄՆ դոլար և կրճատել ածխածնի երկօքսիդի արտանետումները 200 տոննայով: Ի դեպ, քաղաքային լուսավորության առումով լինելով ամենախոշոր սպառողը՝ Երևանը ծախսում է երկրում լուսավորության համար սպառվող ամբողջ էներգիայի մոտ 90%-ը:

 

 

«Նկատի ունենալով էներգետիկ արդյունավետության բնագավառում իրականացվող նախագծերի կարևորագույն բնապահպանական նշանակությունը՝ ցուցադրական նախագծի շնորհանդեսը նպատակահարմար գտանք կազմակերպել «Մոլորակի ժամ» ամենամյա բնապահպանական միջոցառմանն ընդառաջ», - նշեց Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:

 

 

Լուսավորության համակարգի էներգաարդյունավետ արդիականացման աշխատաքներն իրականացվել են ՀՀ բնապահպանության նախարարության համակարգման ներքո, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի շրջանակներում՝ Երևանի քաղաքապետարանի հետ ստորագրած նամակ-հուշագրի համաձայն:

 

 

«Մենք հավատում ենք, որ էներգիայի խնայողության խնդիրը առանցքային է Հայաստանի համար: Ածխածնի երկօքսիդի արտանետման ծավալների նվազեցումը իրատեսական է հանրապետությունում տեխնոլոգիաների արագ զարգացման և դրանց մատչելիության շնորհիվ: Էներգիայի խնայողության աշխատանքներում ներդրումները օգնում են մեզ կլիմայի փոփոխության դեմ պայքարում, արտանետվող գազերի ծավալների նվազեցման աշխատանքներում», - նշեց ՄԱԶԾ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Բրեդլի Բուզետոն:

ՄԱԶԾ-ն նմանատիպ ծրագիր է իրականացնում նաև Ալավերդի քաղաքում: