Աշխարհում լայն ժողովրդականություն վայելող Reddit սոցիալական լրատվական կայքի համահիմնադիր հայազգի Ալեքսիս Օհանյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը կլինի Հայաստանում: Նա այստեղ կլինի իր հայրիկի հետ ու կսպասի ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: «Արմենպրես»-ը ներկայացնում է տեխնոլոգիական ոլորտում մեծ հաջողություններ գրանցած Ալեքսիս Օհանյանի հետ բացառիկ հարցազրույցը:


-Առաջին հերթին, մի փոքր կպատմե՞ք Ձեր ու Ձեր ընտանիքի պատմության մասին:

 

-Իմ պապիկը դա արդեն արել է: Մենք միասին Reddit-ի «Ես եմ...» բաժնում ստեղծել ենք հոդված: Պապիկս' Ջոն Օհանյանը պատմում է. «Իմ ծնողները որբացել են, երբ թուրքական կառավարությունը Թուրքիան մաքրեց հայ բնակչությունից Հայոց ցեղասպանության ընթացքում: Իմ մայրը մեկն էր այն փախստականներից, ով Թուրքիայից դեպի Սիրիա' Հալեպ, աքսորի ճանապարհը բռնեց, որի ժամանակ շատերը մահացան, այդ թվում' նրա եղբայրն ու քույրը:

 

Իմ հոր ծնողները սպանվել են նրա աչքի առաջ, երբ թուրքերը գրոհել են նրանց քաղաքը: Մի հեծյալ զինվոր ցանկացել է սպանել իմ հայրիկին, բայց նրա ընկերը կանգնեցրել է նրան' ասելով, որ երեխան չափազանց փոքր է և որպես միակ երեխա' իմ հայրը տարվել է Թուրքիայում գտնվող որբանոց: Նա առաջին անգամ ԱՄՆ է եկել 1920-ին և հետո գտել իմ մորը, ով ապրում էր Հալեպում: Նրանք հարևաններ էին, և հայրս իր հետ մորս բերել է Միացյալ Նահանգներ, որտեղ էլ շուտով ամուսնացել են: Նրանք ունեցել են 4 երեխա' 3 աղջիկ և մեկ տղա: Ես երկրորդն էի' ինձանից ավագ մեկ և երկու կրտսեր քույր ունեմ:

 

Ինչ սովորեցի ծնողներիցս, այն էր, որ ես ինքս պետք է հոգ տանեմ իմ կարիքների և իմ ընտանիքի մասին, և որ ընտանիքը դաստիարակության ամենակարևոր մասն է»: Ջոն Օհանյանը որպես կամավոր մասնակցել է Երկրորդ Համաշխարհային պատերազմին: Ծառայելով 33 ամիս' նա վերադարձել է քաղաքացիական կյանք, շարունակել ուսումն ու դարձել իրավաբան:


-Մի առիթով Հայաստանում հայտարարեցինք, որ Դուք կիսով չափ հայ եք' Ձեր «լավագույն կեսը»: Արդյո՞ք հայկական արմատները փոխել են ինչ-որ բան Ձեր կյանքում:

 

-Իմ մյուս կեսով' գերմանացի լինելով ևս հպարտ եմ, բայց ես սա ասում եմ կատակով: Հայերն սփռված են աշխարհով մեկ ու այնքան քիչ են, ու մենք հպարտ ենք, որ հենց այսպիսին ենք: Այնուամենայնիվ, գալով Հայաստան' ահռելի ազդեցություն զգացի ինձ վրա:


-Ձեր պապիկ Ջոն Օհանյանը կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքն այդ մասին:

 

-Ես կլինեմ Հայաստանում իմ հայրիկի հետ այս ապրիլին' հույսով սպասելով, որ ԱՄՆ-ն վերջապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Մենք իրականում Reddit-ում թվային-աուդիո հրապարակում ենք տեղադրել հայերի մասին, որը կհամալրվի Հայոց ցեղասպանության մասին տեղեկատվությամբ ապրիլի 23-ին: Ես հույս ունեմ' դուք բոլորդ կլսեք այն:


-Ապրիլի 24-ին Հայաստանում կլինե՞ք:

 

-Կարծում եմ' կժամանեմ ապրիլի 22-ին:


-Անդրադառնալով Ձեր մասնագիտական գործունեությանը՝ կցանկանայի իմանալ՝ ի՞նչ նոր նախաձեռնություններ ու ծրագրեր ունեք: Դուք Reddit-ի համահիմնադիրն եք, որը մեծ հաջողությունների է հասել: Ո՞րը կլինի հաջորդը:

 

-Ես այժմ վերադարձել եմ Reddit որպես գրծադիր նախագահ և ուրախ եմ այն աշխատանքների համար, որ կատարում ենք: Մեր մեծ նպատակն ԱՄՆ 10 ամենամեծ կայքերից անցումն է աշխարհի 10 ամենամեծ կայքերի շարք:


-Վերջերս Դուք մասնակցեցիք «Innovate Armenia» համաժողովին, ի՞նչ հետագա ծրագրեր ունեք' կապված Հայաստանի հետ:

 

-Ես ելույթ եմ ունենալու «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում ապրիլի 25-ին իմ ընկեր Րաֆֆի Կրիկորյանի կազմակերպած համաժողովի ժամանակ:

 

Տեխնոլոգիական ոլորտի առաջատար մասնագետները ապրիլի 25-ին կհավաքվեն Երևանում' մասնակցելու HIVE ինժեներական համաժողովին: Միջոցառման կազմակերպիչը «Հովնանյան» հիմնադրամն է: Այն տեղի կունենա «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: Հայաստանում կհյուրընկալվեն Twitter-ի համահիմնադիր Րաֆֆի Կրիկորյանը, Google-ի ինժեներական գծով տնօրեն Դավիդ Սինգլետոնը, Facebook-ից Դեյլ Հարիսոնը, Prezi-ի ներկայացուցիչ Արոն Սոգորը, Issuu-ից Ալեքսանդր Գրոսը: Համաժողովը կներառի ելույթներ, ինտերակտիվ քննարկումներ, ինչպես նաև դեմ առ դեմ հանդիպումներ աշխարհահռչակ ընկերությունների առաջնորդների հետ:


-Հայաստանի կառավարությունը ՏՏ ոլորտը հայտարարել է որպես առաջնահերթություն, և փորձագետները կարծում են, որ Հայաստանն ունի մեծ ներուժ այս ոլորտում: Համաձայ՞ն եք այդ դիտարկմանը և ինչպե՞ս եք Դուք տեսնում այս ճյուղի ապագան:

 

-Այո, ահա, թե ինչի մասին էր իմ ելույթը «Innovate Armenia» համաժողովին և թե ինչ եմ ասել տարիներ շարունակ յուրաքաչյուրին, ով լսել է ինձ: Եկեք մեր հայ եղբայրներին ու քույրերին փոխանցենք ծրագրավորման մեր հմտությունները:



Հարցազրույցը' Անի Նազարյանի