Թուրքիայում գործունեություն ծավալող Ժամանակակից իրավաբանների միության Իզմիրի մասնաճյուղը հայ ժողովրդից ներողություն է խնդրել Հայոց ցեղասպանության համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը, միությունն այս քայլն արել է ի հակակշիռ Իզմիրի փաստաբանների պալատի, որն ապրիլի 9-ին նախատեսում է քննարկում իրականացնել «Ընդդեմ Հայոց ցեղասպանության պնդումնների. վերջ հարյուր տարվա ստին» խորագրով:

 

Ի պատասխան փաստաբանների պալատի կողմից անցկացվելիք քննարկումների, որոնց հրավիրված են պետական քաղաքականությունն առաջ տանող ակադեմիկոսներ և խորհրդարանականներ, Ժամանակակից իրավաբանների միության Իզմիրի մասնաճյուղն իր տարածած հաղորդագրության մեջ նշել է, որ «հարյուր տարի առաջ Օսմանյան իշխանության ներքո հայերի դեմ «ասքոր» անվանման տակ ծրագրավորված և իրականացված գործողությունները ցեղասպանություն են»:

 

«Ցեղասպանությունը զանգվածային հանցագործություն է: Քննարկում կազմակերպելով «ցեղասպանությունը սուտ է» ասելը պարզապես ցեղասպանության հանցագործությունը և հանցագործության ապացույցները թաքցնելու փորձ է»,- նշվում է հայտարարության մեջ: Իրավաբանական միության անդամներն իրավամբ փաստել են, որ Ցեղասպանության ժխտմանը նվիրված քննարկում կազմակերպելու փոխարեն շատ ավելի լավ կլիներ, եթե Իզմիրի փաստաբանական պալատն ուսումնասիրեր և հրապարակեր, թե այդ տարիներին քանի հայ է սպանվել:

 

Դիմելով Ցեղասպանության ժամանակ սպանված հայ մտավորականներ և իրավաբաններ Գրիգոր Զոհրապին, Գասպար Չերազին և Հարություն Շահրիկյանին' Իզմիրի մասնաճյուղի ներկայացուցիչները հայտարարել են. «Մենք' որպես իզմիրցի փաստաբաններ, թույլ չենք տա, որ ձեր և հայ ժողովրդի դեմ իրագործված հանցագործություններn անտեսվեն և Ցեղասպանությունը մոռացվի: Գրասենյակի անունից, որի անդամն ենք մենք, ներողություն ենք խնդրում հայ ժողովրդից»: