Իտալական «Rai Storia» հեռուստաալիքը հաղորդում է պատրաստել' նվիրված Հայոց ցեղասպանությանը:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ' «100 վայրկյան...հետ» խորագիրը կրող հաղորդման մեջ քաղաքական գիտությունների պատմության ուսուցիչ Ալեսանդրո Չամպին պատմում է հայկական կոտորածների, Թուրքիայի ժխտողական քաղաքականության, ինչպես նաև այդ երկրի' Եվրոպական միությանն անդամակցության խնդրի մասին:

 

«Հայերի ցեղասպանության ողբերգական պատմության մեջ ցնցողը ոչ միայն զոհերի մեծ թիվն է' մոտ 2 մլն, այլև Թուրքիայի համառությունը, որով այդ երկիրը մինչև օրս չի ցանկանում լսել այդ մասին, ճանաչել այն»,- նշում է հաղորդավարը և հավելում, որ նույնիսկ այսօր Հայոց ցեղասպանության մասին խոսելը Թուրքիայում հանցագործություն է համարվում' ոտնձգություն ազգային միասնության դեմ:

 

Շատ գրողներ և մտավորականներ են դրա համար հալածվել ու բանտարկվել Թուրքիայում, իսկ ոմանք' աքսորվել: Այդ մարդկանցից է նաև Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը: Նշվում է, որ Ֆրանսիայում այսօր ցանկանում են առաջադրել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ, իսկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ժամանակին հստակ խոսել է այս ողբերգության մասին' հարուցելով թուրքական դիվանագիտության վրդովմունքը:

 

Հեղինակի խոսքով, Հայոց ցեղասպանության հարցը քաղաքական մեծ կարևորություն ունի Թուրքիայի համար նաև այն տեսանկյունից, որ այդ երկիրը ցանկանում է միանալ եվրոպական համայնքին: «Հիշենք, որ Եվրոպական միությունը ստեղծվել է անցյալի տոտալիտար ռեժիմները մշակման ենթարկելու միջոցով: Յուրաքանչյուր եվրոպական երկիր' սկսած Գերմանիայից, ստանձնել է հրեաների կոտորածների ժամանակ իր արածների պատասխանատվությունը: Նախկին կոմունիստական պետությունները, որ միացել են ԵՄ-ին, ևս հաղթահարել են Խորհրդային Միության ամբողջատիրական հակումները՝ ամեն մեկն իր վրա վերցնելով իր արարքների պատասխանատվությունը: Եթե Եվրոպան պատրաստվում է ընդունել Թուրքիային, այն պետք է պարտադրի վերջինիս պատասխանատվություն կրել միջազգային հանրության առջև»,- ընդգծել է Ալեսանդրո Չամպին: