Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հոդված է գրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մասին ամերիկյան Time ամսագրի 100 համաշխարհային առաջնորդների վարկանիշային ցուցակի համար: Հոդվածը հրապարակվել է ամսագրի կայքում, փոխանցում է rosbalt.ru-ն:

 

Հոդվածում Ուկրաինայի նախագահը նշել է, որ իր «հեռատեսության, քաղաքական զգալի ազդեցության և, որ ամենակարևորն է, խիզախության» շնորհիվ հենց Մերկելն է օգնել Դոնբասում հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններին, այդ թվում՝ նորմանդական ձևաչափով:

 

«Դիվանագիտական այդ բոլոր ջանքերի շրջանակում, որոնց ընթացքում ես վերջին 9 ամսում 60 հեռախոսազրույց եմ ունեցել Մերկելի հետ, հաճախ ինքս ինձ հարցրել եմ՝ բանը նրա անկոտրում հավա՞տն է, իրապես գերմանական համառությո՞ւնը, ուշադրությո՞ւնը մանրուքների հանդեպ, թե՞ այդ բոլոր հատկությունների ուժեղ համադրությունը, որոնք ուժ են տալիս Անգելային»,- ասվում է հոդվածում: