Հունվարի 31-ին Տպագրիչների 9 հասցեում մահափորձի ենթարկված եւ դրա հետեւանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ում վիրահատության ենթարկված ԱԻՄ ղեկավար, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի առողջական վիճակը այս պահին բավարար է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Լեւոն Օռլովը:

Նա նշեց, որ գիշերը նորմալ է անցել, վիճակի վատթարացում չի եղել, այժմ ջերմությունը, ճնշումը, վերքը նորմալ է:

Առաջիկա մեկ-երկու ժամվա ընթացքում նրան Վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխեն մեկ այլ բաժանմունքի հիվանդասենյակ, առայժմ հայտնի չէ, թե որ: «Որտեղ հարմար լինի»,- ասաց բժիշկը, հավելելով, որ հնարավոր է՝ երկու-երեք օրից դուրս գրվի՝ կախված վերքից:

Լեւոն Օռլովը հաստատեց լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե շաբաթ օրը Պարույր Հայրիկյանը մեկ ժամով տուն է գնացել եւ վերադարձել: Երեկ նա ամբողջ օրը հիվանդանոցում է եղել, տուն չի գնացել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տպագրիչների 9 հասցում հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել' իր տան դիմաց: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան հաջողությամբ վիրահատել են: Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ' 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:

Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը, ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ:

Լուսանկարը՝ ԱրսենՍարգսյանի/NEWS.am