Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձից հետո Հայաստանում հետաքրքիր բաներ են կատարվում՝ Հրանտ Բագրատյանն ու Տիգրան Սարգսյանը մեկտեղվում են Պարույր Հայրիկյանի հիվանդասենյակում, ու չէր հասցրել հասարակությունը հասկանալ, թե ինչ է կատարվում, երբ խորհրդարանում էլ մեկտեղվեցին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ու ԱԺ նիստը: Բանն այն է, որ ԲՀԿ առաջնորդը մայիսի 6-ի խորհրդարանի ընտրությունից հետո դրան մասնակցում է առաջին անգամ:
Ըստ երեւույթին, միայն Սամվել Ալեքսանյանն է հասկացել, թե ինչ է կատարվում Հայաստանում, ինչն էլ արտահայտել է Ծառուկյանին ձեռքսեղմումով եւ եղբայրական համբույրով՝ ի նշան «ազգային համերաշխության»: Չէ որ Սամվել Ալեքսանյանը Ռուբեն Հայրապետյանի ամենահավատարիմ ընկերն է, իսկ Ռուբեն Հայրապետյանն էլ Գագիկ Ծառուկյանի մասին վատ-վատ բաներ էր ասել իր աղմկոտ հարցազրույցի ընթացքում: Եվ եթե հիմա Ալեքսանյանը մոտենում եւ համբույրով ողջունում է Գագիկ Ծառուկյանին, ուրեմն գործ ունենք իսկապես «ազգային համերաշխության» ակտի հետ, որի մոտ արդեն Տիգրան Սարգսյան-Հրանտ Բագրատյան տեսարանն ընդամենը փոքր նախերգանք է:
Դժվար է ասել, Հայրիկյանի հանդեպ մահափորձից հետո Ալեքսանյանը Ծառուկյանին համբուրում է ընդդեմ ռուսական իմպերիալիզմի եւ խորհրդային կգբ-իզմի՞, թե ասենք ընդդեմ «համաշխարհային իմպերիալիզմի»՝ ի դեմս Հայաստանում հիպերմարկետ բացել ցանկացող ֆրանսիական համաշխարհային բրենդի՝ «Կարֆուրի»: Ի վերջո, Գագիկ Ծառուկյանն ու Սամվել Կարապետյանը՝ Դալմա գարդեն մոլի սեփականատերը, քավոր-սանիկային հարաբերության մեջ են, իսկ «Կարֆուրին» Հայաստան է հրավիրում կարծես թե հենց Դալմայի սեփականատերը՝ հիպերմարկետի տարածք տրամադրելով իր նորաբաց առեւտրի կենտրոնում:
Սամվել Ալեքսանյանն էլ միգուցե չկարողանալով հարցը լուծել Սերժ Սարգսյանի միջոցով, փորձում է հիմա «ծանոթ մեջ գցել» եւ հարցը լուծել՝ Ծառուկյանի միջոցով համոզելով Սամվել Կարապետյանին: Այսինքն, չի բացառվում, որ համբույրը ոչ այնքան եղբայրություն է, որքան մանր դիվանագիտություն:
Բայց, հնարավոր է նաեւ, որ համբույրը ոչ եղբայրություն է եւ ոչ էլ մանր դիվանագիտություն, այլ պարզապես մատնություն՝ «հուդայի յուրօրինակ» համբույր: Հուդան Գեթսեմանի պարտեզում հենց համբույրով մատնեց Քրիստոսին: Գագիկ Ծառուկյանին իհարկե ՀԱԿ-ն ու քարոզչական խողովակները չհասցրին բարձրացնել Փրկչի այդ աստիճան, բայց նրան գրեթե սրբերի դասին էին հասցրել՝ նույնականացնելով Հայ եկեղեցու սրբերի շարքը դասված Վարդան Մամիկոնյանի հետ:
Հիմա Գագիկ Ծառուկյանն այցելում է Ազգային Ժողով, իսկ Սամվել Ալեքսանյանն էլ համբուրում նրան՝ դրանով ցույց տալով, որ Ծառուկյանը ոչ փրկիչ է եւ ոչ էլ սուրբ, այլ ընդամենը իրենցից մեկը, սովորական մի մարդ, որը միգուցե փոքր ինչ մոլորվել էր պատմության քառուղիներում, բայց կարծես թե գտնում է իր տեղը:
Թեեւ, «ազգի համար ճակատագրական պահերին» Գագիկ Ծառուկյանն իր տեղը միշտ էլ իմացել է: Վառ վկայությունը 2011 թվականի կոալիցիոն հուշագիրն էր, որը Ծառուկյանը ստորագրեց, հայտարարելով, որ արտաքին մարտահրավերները պահանջում էին համախմբվել: Հետո իհարկե նա դուրս եկավ «Ավարայրի», բայց հետո նախագահի ընտրությանն էլ Գագիկ Ծառուկյանը չմասնակցեց, դա անուղղակիորեն պայմանավորելով նույն կերպ՝ Ծառուկյանի զինակիցները հայտարարեցին, թե նա առաջադրվելուց հրաժարվել է, որպեսզի քաղաքացիական բախում չառաջացնի՝ այսինքն չպառակտի ազգը: Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձից հետո էլ իշխանությունը հայտարարեց, որ կրակել են պետության դեմ, ու Գագիկ Ծառուկյանը եկավ խորհրդարան՝ ստանալով իր բաժին համբույրն ու հեռանալով:
Այլ կերպ ասած, չի բացառվում նույնիսկ, որ Ծառուկյանը ոչ թե «հուդայական», այլ ավելի շուտ «անվտանգության համբույրն» է ստացել: Այդ առումով ուշագրավ է, որ խորհրդարանում տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյան-Հովիկ Աբրահամյան հանդիպում: Իհարկե, խնամիները կարող էին քննարկել ապաքաղաքական թեմաներ, սակայն արժե թերեւս հիշել, թե ինչ էր հայտարարել Հովիկ Աբրահամյանը Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձից ժամեր անց: Նա ասել էր, որ բացահայտվելու են թե կատարողները, թե նրա հետեւում կանգնած քաղաքական ուժերը: Սա գրեթե սենսացիոն հայտարարություն է, եւ հավանական է, որ Գագիկ Ծառուկյանն էլ ՝լինելով քաղաքական ուժի ղեկավար, շատ է ցանկացել իմանալ, թե ինչ քաղաքական ուժ նկատի ուներ Հովիկ Աբրահամյանը՝ թե չէ խնամիությունն էլ որ օրվա համար է: