Ինքնահռչակ «Մուղանի թալիշական հանրապետության» առաջնորդ Ալակրամա Ալակպարովի Գումմատզոդան Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել հայ ժողովրդին:

 

 

«Սիրելի ընկերներ, մենք' թալիշներս, վշտակցում ենք ձեզ: Թող Աստված այլևս չուղարկի ձեզ այսպիսի ծանր փորձություններ: 1915 թվականի ապրիլի 24-ը տխուր օր է հայ ժողովրդի օրացույցում: Այս ողբերգությունը սև օր է մարդկության ողջ պատմության համար: Պատմությունը դեռևս իրական գնահատական չի տվել Հիտլերից առաջ իրականացված այդ վայրագություններին, և ոչ մի ժողովուրդ այդպես չի կարող վերանալ, որովհետև Աստված է ստեղծել ժողովուրդներին:

 

 

Հայերն աշխարհին տվել են բազմաթիվ նշանավոր գործիչներ քաղաքականության, մշակույթի և այլ ասպարեզներում: Օսմանյան պանթուրքիստները, ոչնչացնելով ավելի քան մեկ միլիոն հայերի, չկարողացան վերացնել հայերին, ինչը մենք այժմ տեսնում ենք՝ ի դեմս ժողովրդավար Հայաստանի Հանրապետության:

 

 

Ադրբեջանում 1993 թվականին մենք ձգտում էինք ստեղծել մեր պետությունը, սակայն ադրբեջանական պանթուրքիստները ոչնչացրեցին մեր ժողովրդի հազարավոր զավակներին՝ Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության պատերի ներքո: Պանթուրքիստները, իբրև աշխարհի ամենավտանգավոր վարակներ, սատանայական կրքով վերացնում են հարևան ժողովուրդներին:

 

 

Մենք' թալիշներս, դիմում ենք բոլոր ազատասեր ժողովուրդներին. մենք անիծում ենք նման վայրագություններն ու անմարդկայնությունները: Թող գա այն օրը, երբ մենք կտոնենք հայ-թալիշական ընկերության հաղթանակն, ադրբեջանական լծից ազատված մեր Թալիշստանի մայրաքաղաք Լանկոնում (Լենկորան):

 

 

Կեցցե՜ հայ-թալիշական բարեկամությունը, կեցցե՜ հայ ժողովուրդը, կեցցե՜ հզոր Հայաստանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշված է Թալիշների առաջնորդի ուղերձում: