«ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրագործված մահափորձի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին լուրջ չեմ վերաբերվում»,- այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՆԺԿ ղեկավար, քաղաքական գործիչ Արամ Կարապետյանը։

Նա նշեց, որ առողջություն է ցանկանում ԱԻՄ առաջնորդին և ուրախ է, որ մահափորձն այդպիսի ավարտ է ունեցել: Սակայն Արամ Կարապետյանը հստակեցրեց, որ այդ ամենին լուրջ չի վերաբերվում, ավելին՝ դժվար է հասկանում գերտերությունների հատուկ ծառայությունների գործողությունների միջամտության վարկածի տրամաբանությունը: «Ինչո՞ւ պետք է որոշեին Պարույր Հայրիկյանին վերացնել: Ամեն բան կորցրել է լրջությունը: Ես հիմա տպավորություն եմ ստանում, որ Պարույր Հայրիկյանին լավ չեմ ճանաչել. կարող է Պարույր Հայրիկյանը համաշխարհային կլանների հե՞տ էր աշխատում։ Եթե այդպիսի բան կա, կներեք, ես տեղյակ չեմ: Արտաքին միջամտությանը վերագրելու համար ապացույց է պետք»,- մեկնաբանեց Արամ Կարապետյանը՝ հավելելով, որ Պ. Հայրիկյանը շատ բան կարող է ասել, որովհետև իր վրա են կրակել, դրա իրավունքն ունի, իր խնդիրն է:

Ա. Կարապետյանն այդ մահափորձն «անալիտիկ տրամաբանությամբ» չի հասկանում, առավել ևս՝ չի ընկալում, որ Սերժ Սարգսյանը գնաց նրան տեսակցության և ասաց, որ կատարվածը հայկական պետականության դեմ գործողություն էր: «Իսկ որևէ մեկը չհարցրե՞ց, թե որտեղի՞ց գիտի, որ դա այդպես է: Կարող է ինչ-որ մեկը վրեժ էր լուծում Պարույր Հայրիկյանից, չի՞ կարող պատահել մի անձնական խնդիր, չի՞ կարող պատահել, որ իշխանությունների մտքին մի բան ծագի, մինչև այսօր ՀՀ-ի բոլոր ահաբեկչական գործողությունները քաղաքական գործիչների նկատմամբ, ժողովրդի կարծիքով, արել է իշխանությունը, իսկ այդ դեպքում ինչո՞ւ անպայման արտաքին ուժեր։ Եթե իրենք մասնակից չեն, դրա մեջ չեն եղել, այդ ինֆորմացիան չեն ունեցել, որտեղի՞ց գիտեն, որ դա մեր պետականության սիմվոլի դեմ իրականացված գործողություն է: Այդ սիմվոլին, որ Պառավաքարում ծեծում էին, ո՞ւր էին այդ բոլորը: Դրա համար լուրջ չեմ վերաբերվում: Մարդուն քաղաքի կենտրոնում խփել են, գոնե պարզեն՝ ով է արել, ինչպես… գնացել-հիվանդապահ են դարձել: Բա խեղկատակություն չէ՞, անունն ի՞նչ դնենք»,- ասաց ՆԺԿ ղեկավարը: Նա տեսակետ հայտնեց, որ այստեղ տեսնում է միայն ու միայն ներքին խնդիր, սակայն իր վարկածները կներկայացնի, երբ իրավապահ մարմինները ներկայացնեն քննության մանրամասներ: