Գյուղատնտեսական մթերքներն էական վնասներ չեն կրել եղանակային պայմաններից և տարին բարենպաստ կլինի թե ծիրանի, և թե խաղողի համար: «Գյուղատնտեսությունը մինչ օրս բնակլիմայական պայմաններից' ձմռան ցուրտ, գարնանային ցրտահարություն, նույնսիկ այսօրվա կարկտահարություններ, որոնք յուրաքանչյուր տարի նկատվում են, էական ազդեցություն չի կրել: Կանխատեսում ենք, որ այս տարի ծիրանի արտադրությունը կգերազանցի « 2013 թվականի մակարդակը, երբ ունեցել ենք 88 հազար տոննա ծիրանի բերք: Անցյալ տարի արտադրվել է 14 հազար 900 տոննա ծիրան: Տարին շատ նպաստավոր է, բայց ժամանակից առաջ չընկնենք»,- ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը:

 

 

Ինչ վերաբերում է խաղողի բերքին և մթերմանը, ապա գյուղատնտեսության նախարարությունը հանդիպումներ է կազմակերպել վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների հետ, ֆիքսվել են յուրաքանչյուր ձեռնարկության կարողություններն ու մթերման հնարավորությունները: «Մթերման ծավալները, մեր հաշվարկներով, 180-190 տոննա կկազմի: Այս տարի խաղողի աննախադեպ բերք կա բոլոր խաղողամշակ մարզերում: Եթե հիշում եք, տարիներ շարունակ խաղողի մթերման գները 5-ական դրամով բարձրացել են, այս տարի, չգիտեմ, գների բարձրացում կլինի, թե ոչ, բայց խաղող անպայման կմթերվի ու այդ քննարկումները կայացել են»,-հայտնեց փոխնախարարը: Նա նշեց, որ ներկայում խոսք է գնում խաղող վերամշակող մեկ-երկու ձեռնարկության ավելացման մասին:

 

 

Սամվել Գալստյանը նաև հայտնեց, որ գյուղատնտեսական մթերքների արտահանման ծավալներն ավելացել են 5-6 անգամ: «Մեկ-երկու տարիների ընթացքում մենք պլանավորում ենք ինքնաբավ դառնալ բանջարեղենի մասով»,-ասաց Սամվել Գալստյանը: