Հայաստանի ամերիկյան համալսարանում այսօր մեկնարկել է յոթերորդ «Բարքեմփ Երևան» ամենամյա չկոնֆերանսը: Միջոցառմանը մասնակցելու համար դիմել է շուրջ 2500 հոգի։

 

Բարքեմփը միջազգային չկոնֆերանս է, որը մեկ հարկի տակ է հավաքում Հայաստանի ինտերնետ-հանրության ներկայացուցիչներին՝ ծրագրավորողներին, ինտերնետային մարքեթինգի և դիզայնի մասնագետներին, բլոգերներին, լրագրողներին, առցանց հրատարակիչներին:

 

ԼՈՒՐԵՐ.com-ի լրագրողի փոխանցմամբ՝ չկոնֆերանսի բացմանը կազմակերպիչները ներկայացրին այս տարվա ծրագիրը և հրավիրված դասընթացավարներին ու խոսնակներին: Մասնակիցներին ողջունեց նաև Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:

 

Եսայանը նշեց՝ ուրախ է, որ արդեն երկրորդ տարին է, ինչ Ucom ընկերությունն աջակցում և սատարում է այս յուրահատուկ միջոցառումը:

 

Վերջինս նշեց, որ այսօրվա ծրագրավորողներն ունեն լայն հնարավորություններ և կարողանում են լուրջ աշխատանքներ կատարել:

 

«Ասում են՝ մարդիկ լքում են Հայաստանը, բայց մենք աճում ենք: Ես հիշում եմ, որ երբ ուսանող էի, մենք չունեինք նման լսարաններ, նման ծրագրային հնարավորություններ: Այդ տարիներին, Windows-ը նոր-նոր ծիլեր էր տալիս, իսկ այսօր տեսնում ենք, թե մեր ծրագրավորողներն ինչպիսի լուրջ աշխատանքներ են կարողանում կատարել: Ուրախ եմ, որ արդեն երկրորդ տարին է՝ Ucom ընկերությունն աջակցում է «Բարքեմփ Երևանը»»,- ասաց Եսայանը: