Ինչպես սպասելի էր, այսօրվանից ուժի մեջ է մտնում Հանրային ծառայությունները կարգավորող (ՀԾԿՀ) հանձնաժողովի՝ անցյալ տարեվերջին ընդունած որոշումը, համաձայն որի՝ 4.7 դրամով թանկանում է էլեկտրաէներգիան:

Այս թեմայով ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց 2015 թվականին էլեկտրաէներգիայի դեմ ակտիվ պայքարող, «Էլեկտրիկ Երևանի» կազմակերպչական հիմնական անդամներից մեկի՝ Վաղինակ Շուշանյանի հետ, որը նշեց՝ խորը հիասթափություն ունեցավ, երբ իմացավ թանկացման մասին.

«Ցավում եմ, որ թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունները այդպես էլ չգիտակցեցին, որ ժողովրդի վրա սոցիալական բեռի տարեցտարի ավելացումը հենց իրենց է տանում քաղաքական պարտության: Ժողովրդի մեջ մի լավ ասույթ կա՝ «աղքատները, երբ էլ  ուտելու բան չունենան, սկսելու են հարուստներին «ուտել»», ինչը տեղի ունեցավ նախկին իշխանության հետ»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ իրական հեղափոխությունների մեծ մասը աշխարհում տեղի են ունեցել հենց թանկացումների հետևանքով:

Նա այն կարծիքին է, որ ինչը տեղի ունեցավ նախկին իշխանությունների ժամանակ նույնը սպասվում է նաև «նորերին», սակայն այս անգամ ոչ միայն թանկացումների պատճառով:

Մեր զրուցակիցը վերհիշեց 2015 թվականը՝ իրենց պայքարը հոսանքի թանկացման դեմ և նշեց, որ 7 տարի առաջ և այսօր իրավիճակը տարբեր է, քանի որ նախկին իշխանությունների օրոք մարդկանց համբերության «բաժակը» լցվել էր. «2015 թվականին ես եղել եմ «Էլեկտրիկ Երևան»  շարժման կազմակերպչական հիմնական անդամներից մեկը: Այդ ժամանակ յուրաքանչյուրս, ով տեղյակ էր հոսանքի թանկացման լուրերից, կանխավ միջոցառումներ էր կազմակերպում և, ամիսներով շրջելով ամբողջ Հայաստանով, իրազեկում էր մարդկանց, թե ինչ ահռելի ֆինանսական սպառնալիք է կախվելու իրենց ու մեր գլխին: Կարծում եմ՝ այդ ժամանակ ժողովրդի համբերության «բաժակը» լցվել էր նախկին իշխանությունների վարած քաղաքականությունից և այդ իսկ պատճառով էլ «Էլեկտրիկ Երևան» շարժումը ինչ-որ հաջողություններ գրանցեց, ցավոք, ժամանակավոր»,- նշեց նախկին ակտիվիստը:

Մեր այն ճշգրտող հարցին, թե նախկինների օրոք, երբ ունեինք հայրենիք, հողեր և չունեինք մարդկային կորուստներ ընդամենը մի էլեկտրաէներգիայի թանկացումով ժողովրդի համբերության «բաժակը» լցվեց, իսկ այսօր, երբ այդ ամենն ունենք, ինչու ոտքի չեն կանգնում, անտարբե՞ր են դարձել, նա պատասխանեց. «Անտարբեր չեն, ուղղակի կորստի ցավը դեռ չի անցել»,-ընդգծեց Վաղինակ Շաուշանյանը:

Վերջինս նշեց, թե ինչն է խանգարում մարդկանց այսօր նույնպես առաջվա նման դուրս գալ փողոց` հստակ ոչ ոքի փոխարեն չի կարող ասել, կխոսի միայն իր տրամաբանության շրջանակներից ելնելով. «Այսօր շատ բան է խանգարում մարդկանց, որպեսզի դուրս գան փողոց... օրինակ՝ 2018-ի հեղափոխությունից հետո փոշիացած ակնկալիքներն ու հիասթափությունը իշխանություններից, 2020 թվականի 44-օրյա պատերազմի պարտության ու մարդկային հազարավոր կորուստների ցավը: Այս ամենը ներկայումս թույլ չի տալիս մարդկանց մտածել կամ պայքարել «ինչ որ» ներքին մանր խնդիրների դեմ»,- ասաց մեր զրուցակիցը:

Հարցին, թե արդյոք նորից դուրս կգա փողոց մարդկանց հետ իրենց գրպանի գումարը պաշտպանելու, նա նշեց, որ Հայաստանում չի ապրում այլևս.  «Հայրենիքում չեմ, ցավոք, պատերազմից հետո վերադարձել եմ ԱՄՆ: Եթե լինեի հայրենիքում, կարծում եմ կփորձեի ինչ-որ բան կազմակերպել, բայց չեմ կարծում, որ առաջվա արդյունքը կկրկնվեր...»,- եզրափակեց Վաղինակ Շուշանյանը:

Հավելենք նաև, թանկացումները միայն էլեկտրաէներգիայի բարձրացմամբ չեն սահամանափակվում,  20 դրամով թանկացել է խմելու ջուրը, իսկ ապրիլի 1-ից էլ, հանարավոր է, բարձրանա գազի սակագինը։ 

Զվարթ Պետրոսյան