Հարգելի գործընկերներ, շուրջ երկու տարի տևած քննարկումների արդյունքում մենք այսօր հավաքվել ենք կայացնելու մի կարևոր որոշում, «Քաղաքացիական պայմանագիր» անունով կուսակցություն հիմնադրելու մասին: Այս մասին այսօր Քաղաքացիական պայմանագրի առաջին համաժողովին ասաց Նիկոլ Փաշինյանը:


ԼՈՒՐԵՐ.com-ի լրագրողի փոխանցմամբ, Փաշինյանը նկատեց, որ շատերի մոտ հարց կառաջան, ի՞նչ է անելու նոր կուսակցությունն այն դեպքում, երբ Հայաստանում 70-ից ավել կուսակցություն կա.

 

«Դժվար չէ կռահել այն հարցը, որ ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ տվել կամ դեռ տալու են նոր կուսակցության հիմնվելու մասին լսելով: 

 

Հարցը հետևյալն է, ի՞նչ իմաստ ունի ստեղծել կուսակցություն, երբ Հայաստանում 70-ից ավել կուսակցություն կա: Այս հարցն առաջինը ինքներս մեզ ենք տվել, և ամբողջական պատասխան ունենալու արդյունքում է, որ կայացրել ենք այսօրվա համաժողովը հրավիրելու որոշում: Այսօր հիմնվում է մի կուսակցություն, որը մտադիր չէ երկար մնալ ընդդիմության կարգավիճակում և հավակնում է տեսանելի ապագայում ժողովրդի վստահության քվեին արժանանալով և ժողովրդի անունից ստանձնել Հայաստանի պետական իշխանությունը:

 

Առաջին անգամ չէ իհարկե Հայաստանի քաղաքական հարթակում խոսվում իշխանափոխության օրակարգի մասին, բայց մենք պատրաստվում ենք ոչ թե խոսել, այլ ստեղծել մի կուսակցություն, որը ժողովրդին չի տանելու պարտության: 

 

Մենք այսօր արել ենք չափազանց դառը և կարևոր եզրակացություն, անկախ խոստումներից ՀՀ-ում իշխանության փոփոխություն տեղի չի ունենա այնքան ժամանակ, մինչև չձևավորվի ինստիտուցիոնալ ընդդիմություն:

 

Եվ ուրեմն, երկրում փոփոխություններ իրականացնելու առաջին քայլը ինստիտուցիոնալ ընդդիմության ձևավորումն է և այդ գործընթացի մեկնարն ազդարարվում է այսօրվա համաժողովը:

 

Առաջիկա տարիների մեր անելիքն աներկբա է, և հստակ: ՀՀ ողջ տարածքով, բոլոր քաղաքներում և գյուղերում ստեղծել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային և սկզբնական կառույցներ, Հայաստանի բոլոր 1988 ընտրական տեղամասերի շուրջ ստեղծել առնվազն երեք հոգուց բաղկացած վստահված անձանց թիմեր, հնարավորինս մեծ թվով գյուղերում և քաղաքաներում ունենալ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներ, ձևավորել ապագա Հայաստանի նախագիծը գյուղ առ գյուղ, մարզ առ մարզ, ոլոր առ ոոլրտ»,- ասաց Փաշինյանը:

 

Լուսանկարը՝ Mediamax-ի