Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող Կարեն Եսայանի սպանության գործով դատաքննության ժամանակ ամբաստանյալի փաստաբան Լուսինե Սահակյանը հանդես եկավ մեղադրյալ Հարություն Սարգսյանին անհապաղ ազատ արձակելու միջնորդությամբ, քանի որ 2012 թվականի դեկտեմբերի 12-ին լրացել է դատարանի որոշմամբ սահմանված Հարություն Սարգսյանին կալանքի տակ պահելու ժամկետը, բացի այդ, շուրջ 20 րոպե տևած միջնորդության մեջ հղումներ արեց ՀՀ սահմանադրությանը, Եվրոպական կոնվենցիային, բերեց մի շարք նախադեպային օրինակներ: Շուրջ 2 ժամ և ավել տևած խորհրդակցությունից հետո դատարանը որոշեց, որ միջնորդությունը ենթակա է մերժման, քանի որ Հարություն Սարգսյանը ազատության մեջ մնալով կարող է թաքնվել և խոչընդոտել գործի քննությանը:

Ամբաստանյալի փաստաբան Լուսինե Սահակյանը մեզ հետ զրույցում նշեց. «Մենք այդ որոշումը բողոքարկելու ենք և մեր պետական ատյանները սպառելուց հետո դիմելու ենք Եվրոպական դատարան, որովհետև ակնհայտ է, որ սրանով խախտվեց Հարություն Սարգսյանի' կոնվենցիայի 5-րդ հոդվածով սահմանված իրավունքները»: Տուժողի կողմի իրավապաշտպան Վարդուհի Էլբակյանի կարծիքով այս պարագայում որոշումը օբյեկտիվ էր, քանի որ հնարավոր չէր, որպեսզի նա անհապաղ ազատ արձակվեր, մանավանդ այս գործի շրջանակներում: Նշենք, որ մեղադրյալի շահերի պաշտպան Հունան Բաբայանը հանդես եկավ դատական նիստը հետաձգելու միջնորդությամբ, քանի որ ինքը միայն այսօր է ներգրավվել բուն դատավարությանը՝ որպես պաշտպան, և գործին ծանոթանալու ժամանակ չի ունեցել: Դատարանը բավարարեց միջնորդությունը. դատական նիստը հետաձգվեց:

Նաիրա Նալբանդյան