Էլեկտրաէներգիայի սակագնի շուրջ ցույցերի սկսվելուն պես, շատերն էին կանխատեսում, որ այս ամենն ավարտվելու է Սերժ Սարգսյանի' «Տարոն ջան, սիրուն չէ» տրագիկոմեդիայի հերթական բեմականացմամբ: Ենթադրվում էր, որ այս անգամ Տարոնի դերում կհայտնվի, ասենք Ռոբերտ Նազարյանը կամ Երվանդ Զախարյանը: Հենց նրանք էին, այսպես ասած, «փչացվելու» և հետագայում զոհաբերվելու հիմնական թեկնածուները:

 

Սակայն ժամանակն անցնում էր, իսկ Սերժ Սարգսյանը՝ խորհրդավոր լռում: Փոխարենը ցույցերի ամենաթեժ պահին, հանկարծ, խոսեց իր հերթին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Դեմքի լուրջ արտահայտությամբ և ցուցադրական համոզվածությամբ' լոլիկի բիզնեսում մասնագիտացած սույն պաշտոնյան Հայաստանի բնակչությանը բացատրում էր, որ սակագնի թանկանալուն այլընտրանք, ուղղակի, չկա և բնության մեջ գոյություն չունի: Միայն կարելի է պատկերացնել, թե որքան զարմացավ Հովիկ Աբրահամյանը, ընդամենը երկու օր հետո, երբ հասկացավ, որ այս անգամ Տարոնի դերում հենց ինքն է ընտրված Սերժ Սարգսյանի կողմից:

 

Պարզվեց, որ և՛ սակագինն է կարելի վերանայել՝ աուդիտից հետո, և՛ բնակչության վզին կարելի է չդնել ուրիշի կողմից թալանածը վերադարձնելու բեռը: Նախագահի կողմից նման «պադստավկա»՝ մեծ կոմբինատորը, հավանաբար, չէր սպասում:

 

Բոլորովին զարմանալի չի լինի, որ մի օր էլ որոշեն, որ այդ գումարները վճարվելու է հենց վարչապետի գրպանից:

 

Հ.Գ. Փաստորեն, այսուհետ Հովիկ Աբրահամյանը ստիպված է լինելու պատասխանել Նիկոլ Փաշինյանին ոչ միայն «բամփելու», այլև սակագինը բարձրացնելու պատճառների համար: