Վրացագետ Ալիկ Էրոյանցը վերջին տարիներին հայ-վրացական հարաբերություններում լուրջ առաջընթաց է արձանագրում մի շարք ուղղություններով: «Վրաստանում 2012 թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո իշխանության եկած ուժերը փորձում են հավասարակշռված քաղաքականություն վարել իրենց հարևանների հետ, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության: Վրաստանի Հանրապետության և Եվրամիության միջև ասոցացման համաձայնագրի կնքումից հետո Հայաստանում կարծիքներ էին շրջանառվում, որ դա կարող է լուրջ հարված հասցնել հայ-վրացական տնտեսական հարաբերություններին, ինչը ժամանակի ընթացքում ինքնըստինքյան հերքվեց»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հուլիսի 9-ին կայացած հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց նա:

 

 

Անդրադառնալով վերջերս Թբիլիսիում Եվրոպայի լիգայի ֆուտբոլային մրցաշարի շրջանակներում վրացական և ադրբեջանական թիմերի խաղի ընթացքում երկրպագուների միջև տեղի ունեցած բախումներին (հանդիպման ժամանակ տեսախցիկները «որսացել» էին «Մենք հիշում ենք Զաքաթալան և Կախին. 1921» բովանդակությամբ մի պաստառ)՝ վրացագետն ասաց. «Երկու երկրների միջև առկա են տարածքային վեճեր' սահմանային Դավիթ Գարեջայի վանքային համալիրի ու Զաքաթալայի և Կախիի շրջանների հետ կապված: Ադրբեջանցիները և վրացիները համարում են, որ այդ վանքային համալիրը պատմականորեն իրենց սեփականությունն է, ինչը լուրջ տարաձայնություններ է առաջացնում երկու երկրների հարաբերություններում, քանի որ տարածքային զիջումների գնալը հեշտ գործընթաց չէ»:

 

 

Բանախոսը նկատեց նաև, որ Վրաստանի ներկայիս իշխանությունները ջավախահայության նկատմամբ այլևս չեն գործադրում այն ճնշումները, ինչը սովորական երևույթ էր նախորդ վարչակարգի օրոք: «Վրաստանի իշխանությունները մի շարք ծրագրեր են իրականացնում հեռավոր շրջաններում, այդ թվում՝ Ջավախքում, ինչը ողջունելի փաստ է: Բացի այդ, Ջավախքի դպրոցներում հայերենի հետագա դասավանդման հարցում որոշակի դրական փոփոխությունները կան, ինչին նպաստել են նաև վերջին մեկ տարում կայացած հայ-վրացական բարձր մակարդակի պաշտոնական հանդիպումները»,- շեշտեց Ալիկ Էրոյանցը: