Այսօր ԱՀԹ Ս. Երրորդություն եկեղեցու հանդիսասրահում Արարատյան Հայրապետական թեմի «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրով դրամական աջակցություն տրվեց 1989թ.-ից հաշվառված՝ Երևանի Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա և Դավիթաշեն համայնքների 1-ին խմբի զինհաշմանդամներին: 

 

«Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ իրականացվում է «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիրը: Ծրագիր, որն իր աջակցությունն է բերում մեր զինվորներին, ովքեր հանդիսանում են մայր եկեղեցու մասնիկը, զինվորներ, ովքեր չխնայելով իրենց կյանքն ու առողջությունը՝ մեզ պարգևում են խաղաղ երկիր, հանդարտ քուն:

 

Եկեղեցին միշտ հոգում և մտածում է իր զավակի մասին: Այսօր զինհաշմանդամները կստանան իրենց աջակցությունը»,- ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ հայտարարեց քահանան, և ներկաներին բաժանվեցին դրամական նվերները:

 

Միջոցառումից հետո քահանաներն այցելեցին նշված համայնքների այն զինհաշմանդամներին, ովքեր առողջական խնդիրների պատճառով չեն կարողանում տանից դուրս գալ:

Հիշեցնենք, որ «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիրն իրականացվում է արդեն երկրորդ անգամ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ և ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ բարեգործական ծրագրի շրջանակում հավաքված 50 մլն դրամն այս տարի ևս բաշխվում է Հայոց բանակում ծառայած զինվորների ընտանիքներին: Ծրագիրն իրականացվում է Արարատյան Հայրապետական թեմի տարածքում՝ Երևանում ու Արարատի մարզում:

 

Դրամական աջակցությունը տրվում է ՀՀ պաշտպանության նախարարության տրամադրած ցուցակներով: Ընդհանուր թվով այս տարի օգնություն կստանա 362 ընտանիք: