Ադրբեջանի պաշտպանության նախարարության Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում տեղակայված զորամասերից մեկի 25-ամյա շարքային զինվոր Իման Իմանովը հուլիսի 15-ին արևահարումից մահացել է:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ենի Մուսավաթ» թերթը՝ նշելով, որ զինվորը զինծառայության էր կանչվել 2014 թվականի հոկտեմբերին:

 

Իման Իմանովը Ստամբուլի տեխնիկական համալսարանի շրջանավարտ էր:

 

Ադրբեջանի ՊՆ-ն ամառվա տապի հետ կապված հունիսին որոշում էր ընդունել բանակում հատուկ ռեժիմ մտցնելու վերաբերյալ, ինչի առնչությամբ բազմիցս հանդես էր եկել հայտարությամբ, որ զինանձնակազմին արգելվում է ժամը 12-ից մինչև 17-ը գտնվել զորանոցից դուրս:

 

Ադրբեջանի ՊՆ-ն զինվորի մահվան հետ կապված դեռևս պաշտոնական հաղորդագրությամբ հանդես չի եկել:

 

Թեև Ադրբեջանը շարունակում է սեփական զինուժում գրանցված մահվան դեպքերի ու արտակարգ պատահարների մասին տեղեկությունները թաքցնելու քաղաքականությունը, այդուհանդերձ, ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ կողմից սեփական միջոցներով ձեռք բերված տեղեկությունների համաձայն՝ տարվա սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակի կորուստը կազմել է առնվազը 84 զինծառայող և 31-ից ավելի վիրավոր: