Ի հիշատակ Սուրբ Թադեոս առաքյալի' բազմահազար իրանահայեր ամեն տարի եռօրյա ուխտագնացություն են կազմակերպում դեպի Իրան' Սուրբ Թադեի եկեղեցի: Այս տարվա ուխտագնացությունը նվիրված է եղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ուխտագնացության ավարտին եկեղեցում մատուցվել է պատարագ եւ կատարվել ջրօրհնեքի արարողություն' ի պատիվ Համահայկական ամառային 6-րդ խաղերի: Անթիլիասի Մայր տաճարում Արամ Ա կաթողիկոսի օրհնությամբ վառված Սփյուռքը խորհրդանշող ջահը Սուրբ Թադեի վանք է բերել Իրանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Մայիս Մինասյանը: Ջահի դիմավորման հանդիսավոր արարողությունն ուղեկցվել է Հայ Առաքելական Եկեղեցու Ատրպատականի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Տեր Գրիգոր Չիպչյանի և Թեհրանի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Տեր Սեպուհ Սարքիսեանի մատուցած պատարագով:

Հայաստանի եւ Իրանի պետական այրերը, իրանահայ երեք թեմերի ներկայացուցիչները Սուրբ Թադեի վանքից ջահը ճանապարհել են դեպի Ավարայրի դաշտ: Սուրբ Թադեի վանքում ջահը հանձնվել է ազատ ոճի ըմբշամարտիկ, Եվրոպայի պատանիների բրոնզե մեդալակիր Սուրեն Ադյանին: Ավարայրի դաշտում մարզիկը ջահն ընդունել է հուզիչ կերպով' ծնկի գալով և համբուրելով Թեհրանի թեմի առաջնորդի աջը:

Իրանի հայկական սրբավայր Սուրբ Թադեի վանքից ջահը մուտք է գործել Սյունիք, որտեղ ջահի դիմավորման հանդիսավոր արարողությանը մասնակցել են մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի ներկայացուցիչները, մեծ թվով սյունեցիներ:

Ջահակիրը թեթեւ աթլետ, եռացատկորդ, միջազգային կարգի սպորտի վարպետ, ՀՀ ռեկորդակիր, ՀՀ բազմակի չեմպիոն, միջազգային մրցումների հաղթող, Եվրոպայի երիտասարդների 2013 թվականի աթլետիկայի չեմպիոն, կապանցի Լեւոն Աղասյանն էր:

Իսկ արդեն այսօր' հուլիսի 27-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահի օրհնման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ՀԽՀԿ գործկոմի անդամներ և բազմաթիվ հյուրեր:

Մայր Աթոռի մատենադարանի, Մայր Տաճարի և ճեմարանի կողմից հարթակ են բերվել Արցախի Շուշի քաղաքի Սուրբ Ղազանչեցոց, Անթիլիասի Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսարանի աթոռանիստ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Վանա լճի Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցիներում վառված ջահերը: Արցախը խորհրդանշող ջահը բերել է Բարսելոնի օլիմպիական խաղերի չեմպիոն, հրաձիգ Հրաչյա Պետիկյանը, Սփյուռքը խորհրդանշող ջահը' Բարսելոնի օլիմպիական խաղերի չեմպիոն, ծանրորդ Իսրայել Միլիտոսյանը, Հայաստանը խորհրդանշող ջահը' 2015թ. Համաշխարհային 28-րդ ունիվերսիադայի հաղթող, մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, ողջունելով մասնակիցներին և ներկաներին, ներկայացրել է Համահայկական խաղերի պատմությունը, գաղափարն ու նպատակը: «Համահայկական խաղերը դարձել են կամուրջ' Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության համար: Այն լավագույն միջոցն է' մեր եղեռնազարկ ժողովրդի զավակներին միավորելու Մայր Հայրենիքում: Անչափ ուրախ եմ, որ Սուրբ Էջմիածնում Վեհափառ Տիրոջ օրհնությունը պիտի ստանան Արցախում, Սփյուռքում և Արևմտյան Հայաստանում վառված ջահերը, որոնք անցել են երկար ճանապարհ, անցել են մեր պատմական վայրերով, ստացել մեր հոգևոր առաջնորդների և մեր ողջ ժողովրդի օրհնանքը»,- նշել է պարոն Զաքարյանը:

Արցախ-Սփյուռք-Հայաստան եռամիասնությունը խորհրդանշող երեք ջահերից վառվել է Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահը, որն իր գլխավերևում է պահել 1988թ. Սեուլի ամառային օլիմպիական խաղերի չեմպիոն, ծանրորդ Օգսեն Միրզոյանը:

Ջահը հանդիսավոր կերպով օրհնելուց հետո իր հայրապետական պատգամը ներկաներին է փոխանցել Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը: «Բոլորիս համար մեծ խորհուրդ ունի, որ այսօր Անթիլիասից, Շուշիից և Աղթամարից բերված ջահերը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում միավորվում և բոցավառվում են մեկ ջահի մեջ: Ամեն հայ, որտեղ էլ ապրի, մկրտության դրոշմի հետ հոգում կրում է Սուրբ Էջմիածնի և Արարատի պատկերը' որպես իր հայ ինքնության անբաժանելի մաս և խորհրդանիշ մեր ժողովրդի միության ու միասնականության: Տարակույս չունենք, որ Համահայկական խաղերը շարունակելու են ամրապնդել մեր ժողովրդի զավակների միասնականությունը' զորավոր այն ուժը, որի միջոցով պիտի կարողանանք հաղթահարել ազգային և հայրենական մեր կյանքում առկա խնդիրներն ու մարտահրավերները»:

Հայ ժողովրդի սրբավայր Էջմիածնում Վեհափառ Հայրապետի օրհնած ջահն օգոստոսի 2-ին քաղաքամայր Երևանում կազդարարի Համահայկական ամառային 6-րդ խաղերի մեկնարկը: