Շիրակի մարզի հիմնական և միջնակարգ դպրոցներում ընթացքի մեջ է առաջին դասարանցիների դիմումների ընդունման գործընթացը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի պետ Գևորգ Ղումաշյանը, դեռ շատ վաղ է խոսել առաջին դասարանցիների թվի մասին, բայց այն , հավանաբար, մոտ կլինի վերջին տարիների ցուցանիշին:

 

 

Ինչպես ցույց է տալիս անցած տարիների փորձը, գործընթացի ակտիվություն կնկատվի օգոստոսի վերիջին շաբաթվա ընթացքում, թեև անցած տարիներին եղել են դեպքեր, երբ առաջին դասարանցիների փաստաթղթեր ներկայացվել են սեպտեմբերի առաջին տասնօրյակում: «Եղել են դեպքեր, երբ փաստաթղթեր ներկայացվել են սեպտեմբերին՝ շատերը գալիս են ՌԴ-ից և տեղափոխումը ՌԴ-ից Հայաստան ժամանակատար է, ծնողները սխալվում են իրենց հաշվարկներում և գալիս են ուշացած: Վերջին տարիներին դպրոցների կողմնորոշման խնդիր գրեթե չկա, ճնշող մեծամասնությունը երեխաներին տալիս է բնակության վայրին մոտ գտնվող դպրոցը, այլ հարց է դասվարի հետ կապված»,- նշեց Գևորոգ Ղումաշյանը: Ի դեպ, ի տարբերություն մարզի քաղաքային համայնքների, գյուղական համայնքներում պատկերն ավելի հստակ է: Թեև այս թիվը վերջնական ևս կհստակեցվի առաջիկայում, բայց արդեն ակնհայտ է, որ մարզում կլինեն համայնքներ, որոնք այս տարի առաջին դասարանցիներ չեն ունենա:

 

 

Շիրակի մարզում կա 100 միջնակարգ, որից 3-ը Գյումրիում, 45 հիմնական (25-ը Գյումրիում), 4 տարրական, 2 հատուկ օժանդակ (1 Գյումրիում) եւ 1 երեկոյան դպրոց: Մարզում ավագ դպրոցների թիվը 14 է, դրանցից 11-ը Գյումրիում, եւ եւս 3 վարժարան՝ բոլորը Գյումրիում: