Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը դրական է գնահատում այն հանգամանքը, որ Սահմանադրության նոր նախագծում կարևորություն է տրվել ազգային արժեքներին: Ազգային ժողովում պետաիրավական հարցերի մշտակնա հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումների ընթացքում իր ելույթում պատգամավորն ընդգծեց, որ կան հարցեր, որոնց դեպքում պետք է առաջնորդվել ոչ թե Վենետիկի հանձնաժողովի կարծիքներով, այլ այլ բանով, թե ինչ է ասում հայ ժողովուրդը: Միևույն ժամանակ, պատգամավորը նշեց, որ, այնուամենայնիվ, բոլորի նման ինքն էլ ունի որոշ մտահոգություններ: «Օրինակ, ես չեմ կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ իր երկրի սահմանները պաշտպանելու ժամանակ զոհված զինվորի հայրենիքի Սահմանադրության մեջ սահմանված է այլընտրանքային ծառայության մասին դրույթ: Իհարկե, այլընտրանքային ծառայությունը շատ կարևոր է, սակայն դրա համար կան օրենքներ: Թող այդ հարցն օրենքներով կարգավորվի և չբերվի սահմանադրական կարևորության դաշտ»,- ընդգծեց Զաքարյանը:

 

Պատգամավորը կարևորում է նաև Սահմանադրության մեջ հայկական ավանդական ընտանիքն ամրացնելու համար համապատասխան ձևակերպումներ տալու անհրաժեշտությունը: Նրա խոսքով՝ հարկավոր է գտնել այնպիսի ձևակերպումներ, որոնք հետագայում թույլ չեն տա օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերում փոփոխություններ կատարել, որոնց արդյունքում կարող են ի հայտ գալ արժեքներ, որոնք խորթ են մեր ավանդական հայկական ընտանիքի պատկերացումներին;