Մարդու իրավունքները խախտող Ադրբեջանի չինովնիկների նկատմամբ հասցեական պատժամիջոցներ կիրառելու կոչ պարունակող Եվրախորհրդարանի բանաձեւի հետ կապված Ադրբեջանի ԱԳՆ կողմից արված այն հայտարարությունը, թե իրենք պետք է վերանայեն իրենց հարաբերությունները «հակաադրբեջանական եւ հակաիսլամական միտումներ» ցուցադրող Եվրոպական միության հետ եւ «պատժեն» Եվրոպային, ադրբեջանցի փորձագետները համարել են «ողորմելի եւ ծիծաղելի»:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական «Արեւելք-Արեւմուտք» հետազոտական կենտրոնի տնօրեն Արաստուն Օրուջլուն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում թեմայի հետ կապված հայտնել է, որ Ադրբեջանում գերիշխող ամբողջ հակաարեւմտյան հռետորաբանությունը վկայում է պաշտոնական Բաքվի կողմից արտաքին քաղաքական առաջնայնությունները ռուսաստանյան վեկտորի օգտին վերաուղղելու մասին: Նրա կարծիքով' Բաքուն արդեն կողմնորոշվել է դեպի Մոսկվա, իսկ Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը առիթ էր միայն հանրությանը նոր արտաքին քաղաքական կողմնորոշիչներին նախապատրաստելու համար: Մասնավորապես, ըստ փորձագետի' Ադրբեջանի իշխանությունները դրա համար որոշել են շարքային քաղաքացու աչքերում վարկաբեկել Եվրոպային' հայտարարելով նրան «հայամետ», «ապակառուցողական», «կոռումպացված» եւ այլն:

 

Բաքվի կողմից հնչող կոչերն այն մասին, թե կարող են ադրբեջանական բանկերում սառեցնել եվրոպացի քաղաքական գործիչների «գողացած» փողերը, կամ դադարեցնել նավթի եւ գազի մղումը Եվրոպա, փորձագետը ծիծաղելի եւ ողորմելի» է որակել, «Եվրոպայում իսլամատյացության դրսեւորումը» բնութագրել «ադրբեջանցի կեղծ հավատացյալ չինովնիկների հռետորաբանություն», իսկ Ադրբեջանի խորհրդարանի ընտրություններում եվրոպացի դիտորդների բացակայությունը պատճառաբանել նրանով, որ դա Ադրբեջանի իշխանությնուններին «ուղղակի պետք չէ»:

 

Օրուջլուն համոզմունք է հայտնել, որ Եվրոպան այլեւս ի վիճակի չէ փակել աչքերն Ադրբեջանում քաղաքացիական հասարակության բռնաճնշումների վր:

 

Իր հերթին տնտեսագետ Գուբադ Իբադօղլուն Բաքվի «հակաեվորպական» դեմարշի հետ կապված Facebook-ի իր էջում 10 հարց է թվարկել Ադրբեջանի կողմից Եվրոպայի իրականությունների ընկալման մասին' նշելով, թե ինչու է Ադրբեջանը միլիարդներ ծախսում իր խողովակաշարերը Եվրոպայի կողմն ուղղելու համար, ինչու է իր արտահանած ապրանքների կեսից ավելին իրացնում Եվրոպայում, ինչու է Նավթի պետական հիմնադրամի ակտիվներն ու ներդրումային պորտֆելը տեղադրում Եվրոպայում, ինչու են ձգտում եվրոպական կրթություն ստանալ, նաեւ բուժվել, Բաքու հրավիրում հենց եվրոպական փառատոներ ու սպորտային միջոցառումներ, փողերը նույնպես գերադասում պահել եվրոպական բանկերում եւ այլն: Եւ հարց բարձացնում. «Եթե Եվրոպան վատն է, ապա…Ինչու՞»:

 

Սեպտեմբերի 10-ին Եվրահանձնաժողովը մարդու իրավունքները խախտող Ադրբեջանի չինովնիկների նկատմամբ հասցեական պատժամիջոցներ կիրաrելու կոչով բանաձեւ է ընդունել: Բանաձեւի նախագիծը Եվրախորհրդարան ներկայացրել է Լիբերալ-դեմոկրատական խմբակցությունը (ALDE խումբ):

 

Եվրախորհրդարանի խիստ բանաձեւը հիստերիա է առաջացրել Ադրբեջանում, որտեղ սպառնալիքներ, շանտաժ եւ կեղծ բողոքի ակցիաներ են կազմակերպվել: Դրանից անմիջապես հետո ադրբեջանցի պատգամավորները եվրակառույցներից դուրս գալու մասին Եվրոպային «պատժելու» կոչեր են հնչեցրել:

 

Ավելի վաղ ԵԱՀԿ-ը հայտարարել էր, որ Ադրբեջան նոյեմբերի 1-ին անցկացվելիք ընտրություններին դիտորդներ չի ուղարկելու, ինչը կասկածի տակ է դնում այդ երկրի ապագա խորհրդարանի օրինականությունը: