Մարդու իրավունքների գծով Ադրբեջանի հետ աշխատանքային խմբից Եվրոպայի Խորհրդի դուրս գալը մեկ անգամ եւս ապացուցում է, որ Ադրբեջանը չի կատարել կառույցի առաջ ստանձնած պարտավորությունները: ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը հոկտեմբերի 7-ին ԵԽ նախարարների կոմիտեին հայտնել էր Ադրբեջանի հետ մարդու իրավունքների գծով Համատեղ աշխատանքային խմբին մասնակցությանը վերջ դնելու վերաբերյալ կառույցի որոշման մասին:

 

 

Հայտնում է «Ազադլըգ» թերթը' նշելով, որ Աշխատանքային խմբից ԵԽ-ի դուրս գալը գնահատվում է որպես Ադրբեջանի միջազգային մեկուսացում:

 

 

Թերթը նշում է, որ իրականում ԵԽ-ի այդ քայլը մեկ անգամ եւս հաստատում է, որ, հասկանալով Ադրբեջանի հետ բանակցությունների անարդյունք լինելը, միջազգային կազմակերպությունները հրաժարվում են այդ գործընթացից: Նման իրավիճակում Ադրբեջանը հայտնվել է նաեւ ԵԱՀԿ հետ հարաբերություններում:

 

 

Ադրբեջանի ընդդիմության եւ ժողովրդավարական ուժերի «Ազգային խորհուրդ»-ի համակարգման կենտրոնի անդամ Գյուլթեքին Հաջիբեյլին այդ առնչությամբ թերթի հետ զրույցում հայտնել է, որ ԵԽ գլխավոր քարտուղարի հայտարարությունը նշանակում է Աշխատանքային խմբի վերջը, եւ այդ իրադարաձությունն Ադրբեջանի միջազգային մեկուսացման հայտանիշն է:

 

 

Նրա խոսքով' տեղի է ունենում միջազգային կազմակերպությունների մակարդակով Ադրբեջանի հետ համագործակցությունից հրաժարում:

 

 

«Իրականում տեղի ունեցողը Ադրբեջանի իշխանության վարած քաղաքականության արդյունքն է: Բաքուն պետք է ավելի զգույշ լիներ իր անվտանգության երաշխավոր համարվող միջազգային կազմակերպությունների հետ, եւ խորացներ Եվրոպայի հետ համագործակցությունը», -ասել է նա:

 

 

Ուշագրավ հայտարարություն է արել Աշխատանքային խմբի ադրբեջանական կողմի անդամ, իրավապաշտպան Արզու Աբդուլլաեւան:

 

 

Meydan TV-ի հետ զրույցում նա ասել է, որ կատարվածը պետք է համարել Աշխատանքային խմբի վերջը, քանի որ այն ստեղծվել էր Յագլանդի խնդրանքով, սակայն, մարդու իրավունքների եւ ազատությունների ուղղությամբ ոչ մի փոփոխություն չի եղել Ադրբեջանում:

 

 

Նրա խոսքով' Աշխատանքային խումբն արդեն երկար ժամանակ ոչ մի խորհրդակցություն չի անցկացրել:

 

 

«Միաժամանակ, մեր առաջարկությունները չեն քննարկվում եւ չեն լսվում: Ինչքան տեղեկացված եմ' ԵԽ պաշտոնատարները բանակցել են իշխանության հետ եւ հարցը դրել հետեւյալ կերպ' կամ Աշխատանքային խումբը պետք է իրականում աշխատի, կամ էլ պետք է դադարեցնի գործունեությունը: Նման խորհրդատվություն եղել է նաեւ մեզ հետ: Շատ ափսոս, որ գործընթացն այսպիսի ավարտ ունեցավ», -ասել է նա:

 

 

Նշվում է, որ Ադրբեջանի եւ ԵԽ միջեւ մարդու իրավունքների գծով աշխատանքային խմբին մասնակցությունից ԵԽ-ի դուրս գալու մասին հայտարարությունից առաջ Թորբյորն Յագլանդն այդ մասին տեղեկացրել էր Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւին:

 

 

2015 թվականի սեպտեմբերի 10-ին Եվրախորհրդարանը բանաձեւ էր ընդունել, որով կոչ էր արել մարդու իրավունքները խախտող Ադրբեջանի չինովնիկների նկատմամբ հասցեական պատժամիջոցներ կիրառել: Այնուհետեւ, սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Բաքուն կվերանայի Եվրամիության հետ իր հարաբերությունները, իսկ Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը կանչվել էր Ադրբեջանի ԱԳՆ:

 

 

Այսօր, ներքին իրավիճակի հարցով միջազգային հանրության հետ դիմակայության խիստ սրման պայմաններում, երբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում միջազգային հանրությունն ու Հայաստանը շարժվում են միեւնույն ուղղությամբ, իսկ Ադրբեջանը' ոչ, Բաքուն ԼՂ խնդրում փաստորեն հայտնվել է բարիկադի մյուս կողմում, ինչն ավելի է խորացնում Ադրբեջանի մեկուսացումը եւ ցուցադրում նրա քաղաքականության անհեթեթ եւ վտանգավոր լինելը: