Տարեցտարի մեր երկրում ավելանում են սոցիալապես որբացած երեխաները, որոնց ծնողները կան, բայց զանազան պատճառներով իրենց երեխաների խնամքով չեն զբաղվում:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի տեղեկացմամբ՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն Աշոտ Քոչարյանը:

 

Բանախոսը տեղեկացրեց, որ արդեն 25 տարի է, ինչ Հայաստանում գործում են ՍՕՍ գյուղերը: Դրանց առաջին բնակիչները Սպիտակի երկրաշարժից տուժած երեխաներն էին, ովքեր մնացել էին առանց ծնողական խնամքի:

 

«ՍՕՍ մանկական գյուղն» ավելի ընդգրկուն հասկացություն է և որպես այդպիսին՝ այն տարբերվում է ավանդական «մանկատուն» հասկացությունից: Ինչպես սաների, այնպես էլ աշխատակիցների կողմից այն ընկալվում է ոչ թե մանկատուն, այլ ընտանիք կամ էլ պարզապես ՍՕՍ մանկական գյուղ»,- ասում է Աշոտ Քոչարյանը:

 

Մեր այն հարցին, թե այս համայնքներն ինչպիսի՞ աջակցություն են ստանում պետական սեկտորից, բանախոսը պատասխանեց. «Ցավոք սրտի, բացի ջերմ վերաբերմունքից, նյութական որևէ աջակցությունի դեռևս չենք ստացել, բարոյական աջակցություն ունենք, միանշանակ: Հավանաբար, կարծում են՝ մենք կարողանում ենք հայթայթել մեր միջոցները»,- ասաց Աշոտ Քոչարյանը:

 

Նշենք, որ այս հիմնադրամը հոգում է երեխաների բնակության, բարձրագույն կրթության հետ կապված ֆինանսական խնդիրները, ինչպես նաև օգնում է երիտասարդներին աշխատանք գտնել: Մշակել են նաև նոր ծրագիր ընտանիքների վերամիավորման համար: