Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Քանաքեռ-Զեյթունի բաժնում նոյեմբերի 5-ին' ժամը 22.50-ին, հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի տղամարդ և հայտնել, որ հարևանի դստեր' Էմմայի խնդրանքով բացել է նրանց տան դուռը և մտնելով ներս' հայտնաբերել են վերջինիս մոր' 1924թ. ծնված Սիրանուշ Կարապետյանին' մահացած, արյան հետքերով, կողքին կոտրված շիշ բեկորներ կան, իսկ տունը խառնած վիճակում է:

 

Ինչպես Mediamall.am-ին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նոյեմբերի 5-ին' ժամը 22.40-ին, Կամարակի 1-ին նրբանցքի տներից մեկի ննջասենյակի մահճակալին հայտնաբերվել է Ս. Կարապետյանի դիակը' գլխի շրջանում ապակյա շշի հարվածի հետքով:

 

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների իրականացրած համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նոյեմբերի 4-ին' ժամը 22.30-ին Ս. Կարապետյանին սպանել է վերջինիս թոռը' 1987թ. ծնված, նախկինում դատապարտված Արման Կ.-ն: Արման Կ.-ն ձերբակալված է:

 

Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի մեղադրանքով հարուցվել է քրեական գործ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն: