Երեկ ուշ երեկոյան՝ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո, խորհրդարանի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը խոսել է սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի մասին՝ այն որակելով հետաքրքիր:

 

Ասում են՝ ճաշակին ընկեր չկա: Համաձայն եմ, բայց սա նույնիսկ այդ դեպքը չէ, որովհետև որևէ գործընթաց, հետաքրքիր լինելու համար, գոնե պետք է կատարած լինի իր նվազագույն առաքելությունը:

 

Սահմանադրական փոփոխությունների բովանդակության մասին մեր քաղաքացիները գիտեն այնքան, որքան մինչև քարոզարշավը, այսինքն՝ գրեթե ոչինչ չգիտեն:

 

Ընդդիմությունն ի սկզբանե ասել էր, որ բովանդակային քննարկման հարթություն չի մտնելու և իր «Ոչ»-ն ուղղված է ավելի շատ կոնկրետ մարդու իշխանության վերարտադրության մտադրությանը, քան փաստաթղթին, որի ամբողջական տեքստը, համոզված եմ, ընդդիմադիրներից շատերը չեն կարդացել:

 

Չեն կարդացել նաև հանրապետականները, ովքեր «Այո» ասում են՝ իրենց նախագահին հաճոյանալու համար: Սկզբունքորեն՝ սահմանադրական փոփոխությունների բովանդակությունը հասարակության սեփականությունը պետք է դարձնեին հենց հանրապետականները, ովքեր, սակայն, վաղուց հասկացել են, որ իրենց ուժը ոչ թե խոսքն է, այլ քսակը, չհասկացողների համար՝ մահակը: Չիրազեկված քաղաքացին բովանդակային ընտրություն չի անելու՝ խարխափելով անտարբերության ու իշխանական քսակի արանքում:

 

Գործընթացի որակական գնահատման չափանիշը նոր, կրեատիվ գաղափարներն են:

 

Օրինակ՝ ընդդիմությունը պետք է մատնացույց աներ իշխանափոխության արդյունավետ ճանապարհ, բայց շարժվում է նույն՝ պարտության արահետով: Բացեք ու համեմատեք 1995-ի ու այսօրվա ընդդիմադիր ելույթները. անցել է քսան տարի, բայց շեշտադրումներն ու տոնայնությունը, անգամ կարգախոսները նույնն են:

 

Իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ սահմանադրական փոփոխություններն ուժեղացնում են կուսակցությունների դերը, բայց չեն նկատել, որ հենց իրենց շտաբի այսբերգն՝ իր կառուցվածքով, ոչ թե քաղաքական, այլ նոմենկլատուրային է:

 

Քարոզարշավի բովանդակային կողմը զրոյական է, մթնոլորտը՝ գաղջ:

 

Թերևս հանրապետականներից շատերին դպրոցում լավ չեն բացատրել «հետաքրքիր» բառի իմաստը, ու նրանք այդ բառը համարում են «գաղջի» հոմանիշը, ասենք, նույն այն տրամաբանությամբ, որ սահմանադրական փոփոխությունները նույնացրել են իրենց առաջնորդի անձի հետ:

 

Իրականության մեջ' ես այսպիսի տաղտկալի քարոզարշավ չեմ տեսել: Բոլորը սպասում են դրա ավարտին՝ իրենց ասելիքի բացակայությունը քողարկելու համար:

 

Սուրեն Սուրենյանց