Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը կարծում է, որ Հայաստան-Ալբանիա ֆուտբոլային հանդիպումը մերոնք «ծախել» են: ՀՖՖ նախագահը փաստեր չի ներկայացնում. «մարգարեաբար» պնդում է, որ այդ զգացողությունն ունեցել է խաղի առաջին երեսուն րոպեից հետո:

 

Կնշանակի՝ Հայրապետյանն ինչ-որ բան հասկացել է, օլիգարխիկ լեզվով՝ «ջոգել» է, բայց հանդուրժել է, որ երկրի նախագահը մնացած վաթսուն րոպեներին զբաղվի ինքնախաբեությամբ, ասել է թե՝ հետևի, թե ինչպես են մերոնք միտումնավոր տանուլ տալիս խաղը:

 

Ինձ թվում է՝ Հայրապետյանը խաղի ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին երեսուն րոպեներին ոչինչ էլ չի զգացել՝ բացի նախագահին սիրաշահելուց:


Հայրապետյանի սկանդալային հայտարարությունը որևէ կապ չունի ֆուտբոլի, հավաքականի, նրա այս կամ այն խաղացողի հետ. Ռուբոն հասկացել է, որ ֆուտբոլն օգտագործում են՝ իր հետ հաշիվներ մաքրելու համար: Նույն տրամաբանությամբ՝ ինքն օգտագործեց հավաքականը՝ այլոց հետ հաշիվներ պարզելու նպատակով:

 

Մեր տիպի համակարգերում մարդուն չեն սիրում, էլ ուր մնաց՝ ֆուտբոլը:

 

Այնուամենայնիվ, խաղը «ծախելու» մասին հայտարարել է ոչ թե ՀՖՖ պահակը, այլ նախագահը՝ մարդ, ով որոշակի ազդեցություն ունի հայաստանյան քաղաքականության վրա, ելումուտ՝ նախագահի մոտ, ի վերջո՝ Միշել Պլատինիի ընկերն է:

 

Նման հայտարարությունները երկու հանգուցալուծում են ունենում:

 

Կա՛մ ֆուտբոլային չինովնիկը հաստատում է իր պնդումները, ու մեր «աստղերը» դառնում են անցանկալի անձ՝ ֆուտբոլային, մարզական, բարոյական տեսանկյունից, կա՛մ ՀՖՖ նախագահը հրաժարական է տալիս:

 

Տղերքը, հավաքականի տղերքը պետք է խոսեին կոլեկտիվ, եթե հավաքականն անմեղ է, կամ՝ անհատապես, եթե հավաքականության անմեղությունը կասկածելի է:

 

Հավաքականի ինը խաղացող՝ Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը, Արաս Օզբիլիզը, Ռոբերտ Արզումանյանը, Մարկոս Պիզելլին, Գևորգ Ղազարյանը, Գևորգ Կասպարովը, Կառլեն Մկրտչյանը, Հրայր Մկոյանը, հայտարարություն են տարածել՝ մոտավորապես «պապայի արև, մենք ճիշտ ենք» մոտիվով՝ առանց Հայրապետյանի պատասխանատվության հարցը բարձրացնելու, առանց հրաժարականի մասին բարձրաձայնելու, անգամ չկա տարրական նախապայման:

 

ՀՖՖ նախագահը կորցրեց իր բարձրությունը՝ իջնելով խոհանոցային զրույցի մակարդակի, ֆուտբոլի հավաքականի տղերքի դուխը կիսատ հերիքեց:

 

Բոլորով դարձան ինքնագոլի հեղինակ՝ ամոթալի վիճակում դնելով մեր ֆուտբոլը:

 

Խաղը չսկսած՝ պարտվում ենք 0-1 հաշվով, որովհետև ֆուտբոլը դարձել է օլիգարխիկ պատերազմների թատերաբեմ:


Սուրեն Սուրենյանց