Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի հերթական նիստը դեկտեմբերի 25-ին տեղի է ունեցել նորացված կազմով: ՀՀ գլխավոր դատախազի հրամանով խորհրդի անդամ է վերանշանակվել Երևան քաղաքի դատախազ Արթուր Դավթյանը, ինչպես նաև խորհրդի նոր անդամ է նշանակվել Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը: Այս մասին տեղեկացնում են Արդարադատության ակադեմիայի հանրային կապերի բաժնից:

 

 

Նիստի օրակարգում ընդգրկված էր Խորհրդի նախագահի ընտրության հարցը: Խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվեց ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատների նախագահ Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը, ով գաղտնի քվերակությամբ ընտրվեց միաձայն՝ մեկ տարի պաշտոնավարման ժամկետով: Խորհրդի անդամները շնորհավորեցին նորընտիր նախագահին՝ ցանկանալով ակտիվ և բեղմնավոր աշխատանք:

 

 

 

Վերջին մեկ տարում Կառավարման խորհուրդը նախագահում էր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանը: Խորհրդի անդամները շնորհակալություն հայտնեցին Է. Բաբայանին կատարած աշխատանքի համար այն համոզմունքով, որ հետագա աշխատանքներն արդեն Խորհրդի անդամի կարգավիճակում ևս չեն զիջի իրենց ակտիվությամբ: Է. Բաբայանն էլ նշեց, որ հետագայում ևս ակտիվ կաշխատեն միասին՝ իրագործելով իրենց առաջ դրված խնդիրները:

 

 

Տեղեկացնենք, որ «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքով' Ակադեմիայի կառավարումն իրականացնում է Ակադեմիայի կառավարման խորհուրդը: Օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ խորհրդի նախագահն ընտրվում է խորհրդի կազմից, գաղտնի քվեարկությամբ: Խորհրդի նախագահն ընտրվում է մեկ տարի ժամկետով՝ դատախազ և դատավոր անդամների միջև ռոտացիոն սկզբունքով: