ՄԱԿ-ի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ Սիրիայի Կարմիր մահիկի ընկերության կոորդինացմամբ Սիրիայի Իդլիբի նահանգի մի շարք քաղաքներից եւ Դամասկոսի արվարձաններից տարհանվել է ավելի քան 450 մարդ, այդ թվում՝ վիրավոր զինյալներ եւ նրանց ընտանիքների անդամներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է երեք կազմակերպությունների՝ դեկտեմբերի 28-ին տարածված համատեղ հայտարարության մեջ: «ՄԱԿ-ը Սիրիայի Կարմիր մահիկի ընկերության, ինչպես նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համատեղ հաջողությամբ օժանդակել է ավելի քան 450 մարդու, այդ թվում՝ վիրավորների, ինչպես նաեւ նրանց ընտանիքների անդամների տարհանմանը այն բանից հետո, երբ համաձայնագիր կնքվեց Իդլիբի նահանգի Էլ Ֆուա եւ Կաֆրայա քաղաքների, ինչպես նաեւ Ռիֆ Դիմաշկի նահանգի Զաբադանի եւ Մադայա քաղաքների վերաբերյալ»,- ասված է տեքստում:

 

 

«Նրանք ավտոտրանսպորտով եւ ինքնաթիռներով Թուրքիայի եւ Լիբանանի տարածքով տարհանվել են պայմանավորված նշանակման վայրեր»,- նշվում է հայտարարության մեջ:

 

 

Գործողությունը տեղային հաշտության մասին համաձայնագրի շրջանակներում իրականացվել է սիրիական զորքերի եւ «Ջեյշ ալ ֆաթհ» զինված կոալիցիայի միջեւ: Գործարքը ձեռք էր բերվել Դամասկոսում ՄԱԿ-ի, ինչպես նաեւ Իրանի, Թուրքիայի եւ Լիբանանի միջնորդական առաքելության շնորհիվ: Սպասվում է, որ առաջիկա օրերին մարդկանց տարհանումը կշարունակվի: Ըստ Al Mayadeen լիբանանյան հեռուստաալիքի տեղեկատվության, գործարքի պայմանների համաձայն, հաջորդ փուլերում անվտանգ միջանցք կտրամադրվի 1,2 հազար զինյալների, որոնք հենակետ էին պահպանում Զաբադանիում: Իր հերթին «Ջեյ շ ալ ֆաթհ»-ը համաձայնել է Սիրիայի հյուսիս-արեւելքի երկու բնակավայրերից ազատ արձակել 10-14 հազար մարդու, հաղորդել է ՏԱՍՍ-ը: