Չգիտեմ, թե ձեզանից ով՝ ինչպես, բայց ես, օրինակ, մշտապես փորձում եմ հնարավորինս հետևել, թե այս կամ այն վարկանշային սանդղակում Հայաստանն ինչպիսի տեղեր է զբաղեցնում, որ հորիզոնականներում է գտնվում, քանի որ, համաձայնե՛ք, դրանք յուրատեսակ միջոցներ են, որոնք թույլ են տալիս տարբեր երկրների քաղաքացիներին, այդ թվում՝ հայաստանցիներիս, գոնե մի պահ կտրվել բացառապես ներքին պրոպագանդայի արդյունքում ձևավորված երբեմն կեղծ տպավորություններից ու ուղիղ նայել ճշմարտության աչքերին:



Եվ ահա օրերս հրապարակվել է հերթական միջազգային զեկույցը, որում տեղ են գտել բավական հետաքրքրական տվյալներ՝ կապված նաև մեր երկրի հետ: Այսպես. համաձայն «Սեփականության իրավունքների միջազգային դաշինքի» զեկույցի՝ «Սեփականության իրավունքների պաշտպանության միջազգային վարկանիշում» 129 երկրի շարքում մեր երկիրը զբաղեցրել է 94-րդ տեղը։ Հեղինակային իրավունքների պաշտպանության մակարդակով զբաղեցնում ենք 76-րդ տեղը, կոռուպցիայի վերահսկողության գծով՝ 81-րդ տեղը, քաղաքական կայունության գծով՝ 56-րդ տեղը, «Օրենքի գերակայության» կատեգորիայում՝ 74-րդ տեղը։



Համաձայնե՛ք, որ բավական անաչառ տվյալներ են ու միանգամայն մոտ մեր իրականությանը: Դե հիմա թո՛ղ գնան ու մեզ համոզեն, թե Հայաստանն այն բացառիկ երկրների առաջին շարքերում է, ուր բիզնես միջավայրն ամենակատարյալներից է, ուր գործարարի համար ստեղծված են գրեթե դրախտային պայմաններ՝ այստեղ աշխատելու ու ծաղկեցնելու մեր երկիրը… Իհարկե, դժվար թե այս ուսումնասիրության արդյունքները բարձրաձայնվեն, քանի որ հանրահռչակել սեփական քաղաքականության փաստացի տապալումը մեզ մոտ հաստատ ոչ ոք չի պատրաստվում:



Ձեզանից շատերն են, հավանաբար, հիշում ԱՄՆ դեսպանի հայտնի հայտարարությունները՝ կապված Հայաստանում բիզնես միջավայրի անբարենպաստության հետ: Եթե չեք մոռացել, մեր պաշտոնական դեմքերից ոմանք էլ սկսեցին այս մարդուն մեղադրել, թե գույներն է խտացնում, թե զուր տեղը «քիթը մտցնում է» իրեն չվերաբերող գործերի մեջ և այլն: Ուզում եմ հարց տալ մեր որոշ կեղծ հայրենասեր չինովնիկներին. իսկ այս զեկույցին, սրան ի՞նչ կասեք, պարոնա՛յք, հիմա ի՞նչ պիտակ կկպցնեք մարդկանց: Դուք լռո՞ւմ եք, դուք շփոթվա՞ծ եք: Դե ինչ, միանգամայն բնական պահվածք, որը չարած գործերը հմտորեն քողարկել չկարողանալու, չարածն արածի տեղ ներկայացնելու անկարողության բնական հետևանք է: Այս զեկույցը, եթե կուզեք, ոչ այնքան ներկայացնում է այս կամ այն երկրի տնտեսական մակարդակը, որքան քաղաքակրթվածության աստիճանը, քանի որ ժամանակակից աշխարհում հենց նման ցուցանիշներով են պատկերացում կազմում, թե տվյալ երկիրը քաղաքակրթական որ աստիճանի վրա է գտնվում, արդյոք արժե՞ անել բիզնես ներդրումներ, թե՞ ոչ… Հիմա, ընթերցելով այս ուսումնասիրության տվյալները, ծանոթանալով այս ցուցակում մեր երկրի գրաված դիրքին՝ օտարերկրացի ներդնողն ի՞նչ է մտածելու մեր մասին, ի՞նչ եք կարծում: Մի՞թե այսքանից հետո ինչ-որ մեկը կհանդգնի գալ այստեղ, փող ներդնել մեր տնտեսության մեջ ու ձեռքի հետ էլ մի քանի հարյուր հավելյալ աշխատատեղ ստեղծել Հայաստանում. մի՞թե խելքները թռցրել են, մի՞թե այլևս նույն պրագմատիկ կապիտալիստները չեն, որ բռնեն ու իրենք իրենց գլխին սարքեն…

 

 

Մնում է, հավանաբար, միամտորեն հուսալ, որ հայրենի իշխանությունները, այնուամենայնիվ, համապատասխան հետևություններ կանեն այս ամենից ու վերջապես քաղաքական կամք կցուցաբերեն՝ երկրում իրավիճակ փոխելու, հակառակ պարագայում ՝ կարծել, թե մեր երկիրն օրերից մի օր կարող է հայտնվել առաջատարների շարքերում, աններելի հիմարություն կլիներ:

Դավիթ Բաբանով