Փաստաբանների պալատի մամուլի քարտուղար Հայկ Հակոբյանը անդրադարձել է ԼՈւՐԵՐ.com-ում հրապարակված «Փաստաբանների պալատում կռիվ է ընկել. ՓՊ խորհուրդը ցրելու պահանջ է դրված» հոդվածին: 

 

 

«Փաստաբանների պալատի խորհուրդն աշխատում է իր բնականոն հունով, և այստեղ մարդիկ են, ովքեր լավ են պատկերացնում փաստաբանական համայնքի խնդիրներն ու մարտահրավերները:

 

 

Փաստաբանների պալատը ազատ և անկախ մասնագետների համայնք է։ Հենց դրանով է այն տարբերվում մյուս բոլոր կազմակերպություններից։ Այստեղ, այո, ազատ փաստաբանները կարող են ստորագրահավաքներ կազմակերպել, կարող են ազատորեն քննադատել և այլն։ Ցանկացած գործընթացի հիմքում պետք է դրվի ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ։ Եթե կա իրոք այդպիսի հանրային անհրաժեշտություն, որ խորհուրդը պետք է «ցրել», ապա նախաձեռնողների նպատակը հասկանալի կլիներ։

 

 

Եթե այդ անհրաժեշտությունը ներկայացվում է՝ որևէ փաստաբանին կամ փաստաբաններին կարգապահական պատասխանատվության ենթարկելու առիթով, ապա այստեղ միայն գործ ենք ունենում ամբիցիաների հետ։

 

 

Ինչևէ, ժամանակը ցույց կտա ամեն ինչ»,- ասված է ԼՈՒՐԵՐ.com-ին տրամադրված պարզաբանման մեջ։