Հրանտ Բագրատյանի՝ ընդդիմադիր ուժերի կոալիցիա ստեղծելու առաջարկին վերջին երկու օրվա ընթացքում արձագանքեցին գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները, և արձագանքը կա՛մ մերժողական էր, կա՛մ խուսափողական: Այսինքն՝ գրեթե վստահորեն կարող եմ ասել, որ համենայն դեպս տեսանելի ապագայում նման միություն չի ստեղծվի, իսկ ընդդիմադիր դաշտում փոփոխություններ չլինելու դեպքում միգուցե հետագայում էլ նման միություն ստեղծվելու շանս չլինի: Բանն այն է, որ մեր ընդդիմադիր դաշտը վաղուց արդեն լճացած է, լճացած է նաև կադրային առումով: Գործիչներից շատերի նկատմամբ հանրությունն այն աստիճանի է կորցրել վստահությունը, որ դրա վերականգնման հնարավորություն գործնականորեն չկա:

 

Պատճառը նախ անընդմեջ ձախողումներն են: Մի քանի անգամ անընդմեջ ձախողումներ արձանագրած գործիչն արդեն մեխանիկորեն ստանում է ձախողակի ստատուս, և նրա քաղաքական կարիերան կարելի է այդպիսով ավարտված համարել: Իհարկե, նման գործիչը դեռ ձևականորեն կարող է մնալ դաշտում, երևալ, խոսել, բայց նրան լսողներ չեն լինի:

 

Մեկ այլ պատճառ է գաղափարական սնանկությունը: Ոմանք պարզապես անձնական խնդիրներ են լուծում, փորձում պաշտոններ վերականգնել, ոմանք աշխարհաքաղաքական խոշոր կենտրոնների շահերն են սպասարկում, հետևաբար նրանց ուղղվածությունն էլ թելադրվում է այդ կենտրոններից:

 

Եվ հաջորդ պատճառը, ըստ իս, բարձր ամբիցիաներն են, ինչը նույնպես կապ ունի գաղափարական սնանկության հետ: Ընդդիմադիր լիդերներից շատերին մտահոգում է ոչ թե իրենց ծրագրերի իրականացումը (շատ դեպքերում ծրագիր չեն էլ ունենում), այլ այն, որ գործող իշխանությունների դեմ պայքարի գործընթացում իրենք ստանձնեն առաջատարի դերը, որպեսզի հաղթանակի դեպքում էլ իշխանությունը հենց իրենց ձեռքն անցնի: Եվ սա արդեն առաջացնում է ընդգծված մրցակցություն՝ ընդդիմադիր ուժերի միջև, հակասություններ, որոնք երբեմն այնքան են սրվում, որ ավելի ուժեղ ու ընդգծված են դառնում, քան իշխանական ուժերի հետ եղած հակասությունները: Արդյունքում՝ ընդդիմադիրները լծվում են քարկոծելու գործին՝ երբեմն նույնիսկ մոռանալով իշխանությունների գոյության մասին:

 

Իսկ իշխանություններին այս իրավիճակը, բնականաբար, ձեռք կտա, որովհետև նման որակի ընդդիմություն ունենալն իսկական նվեր է ցանկացած իշխանության համար:

 

Կարեն Վարդանյան