ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 2 անձի՝ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու համար: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապ երի բաժնից, նախնական քննության տվյալներով՝ 2016 թվականի փետրվարի 20-ին՝ ժամը 17:25-ի սահմաններում, ճանապարհային ոստիկանության տեսուչներ Գ. Մովսիսյանը և Գ. Կարապետյանը, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանում ծառայություն իրականացնելիս, Բաշինջաղյան փողոցում նկատել են, որ «Ռենո» մակնիշի ավտոմեքենան թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, որի վերաբերյալ տեղում արձանագրություն են կազմել:

 

 

Վարորդը և ուղևորն անհամաձայնություն են հայտնել՝ կազմված ակտի կապակցությամբ և վիճաբանել ոստիկանության տեսուչների հետ, քաշքշել և մարմնական վնասվածքներ են հասցրել վերջիններիս: Ըստ քննության տվյալների՝ վարորդն ու ուղևորը վերցրել են արձանագրությունը, ճմռթել այն, ապա նստել ավտոմեքենան ու դիմել փախուստի:

 

 

Ճանապարհային ոստիկանության տեսուչները հետապնդել են նրանց և բերման են ենթարկել ոստիկանության բաժին' իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով:

 

 

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ, «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ):

 

 

Քննիչը միջնորդույթուն է ներկայացրել դատարան՝ Վ. Սաղումյանի և Դ. Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավա րարվել է: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: